Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) հասարակական կազմակերպության տվյալներով՝ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, սոցցանցերում և վեբ հարթակներում գործող ռուսամետ ցանց է հայտնաբերվել:
Ըստ ISFED-ի՝ ցանցի նպատակն է ներկայացնել Ռուսաստանի դրական դերը նշված երկրների նկատմամբ և հրահրել հակաարևմտյան տրամադրություններ։
ISFED-ի զեկույցի համաձայն, այդ ցանցն ակտիվ է ինչպես Facebook-ում, այնպես էլ այլ հարթակներում՝ Instagram-ում, Tiktok-ում և Telegram-ում։
«Դիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցը ներառում է առնվազն 6 Facebook-յան էջ, 4 Instagram-յան հաշիվ, 3 Telegram ալիք, 1 Tiktok հաշիվ և 2 կայք»,- նշված է հաղորդագրության մեջ։
ISFED-ի փոխանցմամբ՝ համապատասխան ուսումնասիրված էջերն ու հաշիվները գործում են լրատվական գործակալությունների անվան տակ:
«Նպատակային ընտրված լուրերի, ժամանցային նյութերի տրամադրմամբ և զգայուն հարցերին դիմելով՝ այս ցանցը քողարկված փորձում է հասարակության մեջ առաջացնել ռուսամետ տրամադրություններ։ Տարածված հաղորդագրությունների բովանդակությունը հարմարեցված է երկրների տեղական համատեքստին, սակայն բոլորի նպատակն է Ռուսաստանին ներկայացնել որպես ուժեղ դաշնակից տարածաշրջանի երկրների համար և ընդգծել Արևմուտքի բացասական դերը, առավելապես` ԱՄՆ-ի»,- նշված է ISFED-ի ուսումնասիրության մեջ:
Մանրամասն՝ այստեղ: