Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել վրացի կինոդերասան և երգիչ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեին՝ պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Թբիլիսիի պետական համերգասրահում (ֆիլհարմոնիա), որտեղ ընթանում է Կիկաբիձեի հուղարկավորությունը, Զելենսկու ուղերձը ընթերցել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։
«Վախթանգ Կիկաբիձեի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին խնդրում եմ` ընդունեք իմ անկեղծ ցավակցությունն այս վշտի պահին Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։ Մեծ արվեստագետ և մեծ մարդ, Ուկրաինայի ընկեր, որ միշտ Ուկրաինայի կողքին էր։
Ուկրաինացիները շնորհակալություն են հայտնում Վախթանգ Կիկաբիձեին ռուս ագրեսորի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։ Վախթանգ Կիկաբիձեի անունը Ուկրաինայի պատմության մեջ կգրանցվի որպես մեծ վրացու անուն, որն իր ներդրումն է ունեցել Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության պաշտպանության գործում։ Մենք միշտ կհիշենք և երբեք չենք մոռանա դա»,- իր ուղերձում ասել է Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին հավելել է, որ Վախթանգ Կիկաբիձեի հիշատակը հավերժ կմնա ուկրաինացիների սրտերում։