Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործով որոշումը։
ՄԻԵԴ-ը Վրաստանի կառավարությանը պարտավորեցրել է 10 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցում վճարել հայցվորներին և 15 հազար եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում։
ՄԻԵԴ-ը որոշել է, որ Վրաստանի իշխանությունները չեն կատարել արդյունավետ և մանրակրկիտ հետաքննության պահանջները՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նպատակների համար, սակայն համարել է, որ բավարար ապացույցներ չկան հաստատելու, որ Մաչալիկաշվիլին մահացել է պետական պատասխանատվության պայմաններում:
Եվրոպական դատարանը, սակայն, չի ընդունել հայցվորների բողոքը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում):
Հիշեցնենք, որ Մաչալիկաշվիլի ընտանիքի անունից Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» դիմում էր ներկայացրել Եվրոպական դատարան։
Դիմումում հայցվորները պնդում են, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 2-ը (կյանքի իրավունք), հոդված 3-ը (խոշտանգումների, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում), հոդված 13-ը (ներպետական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք):
Հիշեցնենք, որ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Պանկիսիի հովտում իրականացված հատուկ գործողության ժամանակ իրավապահների արձակած գնդակից վիրավորվել էր, իսկ 2018 թվականի հունվարի 10-ին` մահացել կլինիկայում:
Վրաստանի իրավապահ մարմինները գործը փակել են երկու տարի առաջ։ Գլխավոր քննչական գործակալությունը 19-ամյա երիտասարդին հայտարարել է ահաբեկիչ և հայտնել, որ նրա ուղղությամբ հատուկ նշանակության ջոկատների կրակոցներն անհրաժեշտ հակահարված են եղել։