Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն ուղղակիորեն հաստատում է, որ Վրաստանը կառավարում է ոչ թե անկախ կառավարությունը, այլ ռուսական օկուպացիոն ռեժիմը։
«Այսօր հերթական անգամ նկատվեց պետական և ազգային ամբողջական աղետը՝ Պուտինի հանցավոր ռեժիմը հանցագործ Լավրովի բերանով շնորհակալություն է հայտնում Վրաստանի իշխանություններին։ Սերգեյ Լավրովը գոհ է ռուսական երազանքի հակաարևմտյան, հետևաբար և` հակավրացական քաղաքականությունից, որն ուղղակիորեն բացառում է Վրաստանի ազգային շահերը»,- նշել է Մելիան։
Ըստ Մելիայի՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի թիմի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ՝ որպես մետրոպոլիայի, դավաճանություն է Վրաստանի պատմության, ներկայի և ապագայի նկատմամբ։
«Այսօր Ռուսաստանը գոհ է այն ամենից, ինչ կատարվում է Վրաստանում: Նա ուրախ է ռուս-վրացական շփումների բարելավմամբ։ Դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ռուսաստանը լիովին մեկուսացված է քաղաքակիրթ աշխարհից։ Ռուսաստանը տանուլ է տալիս Ուկրաինայի պատերազմը և ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունները, իսկ հետին պլանում, փափուկ ուժի և իրենց ղեկավարած ռուսական երազանքի (նկատի ունի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը- խմբ.) կառավարության միջոցով, իրականացնում են իրենց նպատակները Վրաստանում։ Լավրովը ուրախ է, որ Վրաստանը կորցնում է իր եվրոպական հեռանկարը, և այլևս չի թաքցնում, որ աստիճանաբար դառնում է ռուսական նահանգ»,- ասել է Մելիան։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, ինչը ողջունելի է։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանում է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը:
Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անունով հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հնարավոր վերականգնման մասին։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է առ այսօր, ուկրաինական կողմը բազմիցս վրաստանյան իշխանություններին մեղադրել է պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար կրկնում էին, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի՝ տնտեսական պատճառներից ելնելով:
CNN-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, թե «իրականությանը չի համապատասխանում, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»։ Ըստ նախագահի՝ իրականում Թբիլիսին Մոսկվայի դեմ բազմաթիվ միջազգային պատժամիջոցների մասնակից է։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն այս կապակցությամբ նշել էր. «Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի կառավարությանը ոչ ոք չի պարտադրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նրանք չեն ցանկանում դա անել և եթե այդպես են որոշել»: