Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը կթեթևացնի Վրաստանի քաղաքացիների վիճակը, ինչը ողջունելի է։
«Իմեդի» հեռուստաընկերության եթերում Կոբախիձեն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները:
«Իրականությունն այն է, որ Վրաստանի կառավարությունը գործում է բացառապես Վրաստանի շահերը սպասարկելու նպատակով։ Սա է մեր գործելու միակ կետը, ոչ թե ով մեզ կդատի՝ լինի հյուսիս, արևմուտք, հարավ, թե արևելք…»,- ասել է Կոբախիձեն։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնմանը, ապա, ըստ Կոբախիձեի, դա կարևոր է Վրաստանի քաղաքացիների համար։
«2019 թվականին Ռուսաստանը միակողմանիորեն որոշեց դադարեցնել թռիչքները։ Դա մի տեսակ սանկցիա էր, որը կիրառվեց Վրաստանի դեմ, և դրանից տուժեցին Վրաստանի քաղաքացիները։ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են մինչև մեկ միլիոն մեր հայրենակիցներ։ 2019 թվականին ընդունված որոշումը շատ է ծանրացրել նրանց պայմաններն ու վիճակը…»,- ասել է Կոբախիձեն։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանում է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար:
Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անունով հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հնարավոր վերականգնման մասին։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո, որը շարունակվում է առ այսօր, ուկրաինական կողմը բազմիցս վրաստանյան իշխանություններին մեղադրել է պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար կրկնում էին, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի՝ տնտեսական պատճառներից ելնելով:
CNN-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, թե «իրականությանը չի համապատասխանում, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»։ Ըստ նախագահի՝ իրականում Թբիլիսին Մոսկվայի դեմ բազմաթիվ միջազգային պատժամիջոցների մասնակից է։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն այս կապակցությամբ նշել էր. «Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի կառավարությանը ոչ ոք չի պարտադրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նրանք չեն ցանկանում դա անել և եթե այդպես են որոշել»: