Վրաստանի հետ 2020 թվականի առևտրաշրջանառության արդյունքները շատ տպավորիչ են. Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը մոտեցել կամ հատել է 1 միլիարդ դոլարը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում (ԱԺ) կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թորոսյանը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունները։
Փաշինյանը նշել է, որ հարաբերությունների հետ կապված ամենակարևոր արտահայտիչն այն է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը ստանձնել են երկու երկրների վարչապետները։
«Իհարկե, քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված, և պետք է այնպես անել, որ հարաբերություններն ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով։
Այն, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան սահմանն անցնել նույնականացման քարտերով, դա և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ մշակութային, մարդկային գործոն է։ Կարծում եմ՝ այդ հանգամանքը իրոք կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, մանավանդ որ քննարկում ենք Հայաստանում վրացերենի և Վրաստանում հայերենի ուսուցման որակի բարելավման հարցը»,- ասել է Փաշինյանը: