Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը:
«Մենք կողմ ենք, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան հարաբերություններ հաստատեն Վրաստանի հետ, կան երկխոսության մեխանիզմներ, որոնց մենք նույնպես մասնակցում ենք»,- ասել է Լավրովը:
Լավրովը հավելել է, որ Վրաստանը ներկայացրել է համատեղ տնտեսական գործունեության նախագիծ՝ վստահություն ստեղծելու համար։
«Այժմ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, այսպես կոչված, Ժնևյան քննարկումների արևմտյան մասնակիցները՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Ամերիկան փորձում են երկխոսության այս ձևաչափը դարձնել Ուկրաինայի շուրջ զարգացումների պատանդ։ Սա սխալ է, ես կարծում եմ, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ, դա նշանակում է, որ նրանք առաջնորդվում են են իրենց քաղաքական դժգոհություններով և քմահաճույքներով՝ կոնկրետ տարածաշրջանում կոնկրետ առաջադրանք կատարելու համար»,- ասել է Լավրովը։
Ըստ Լավրովի` ընդհանուր առմամբ, Ռուսաստանը վրացիների հետ խնդիրներ չունի: Խոսելով 2008 թվականի պատերազմի մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ այդտեղ ՆԱՏՕ-ն իր դերն է կատարել։
Հիշեցնենք՝ 2008 թվականի ամռանը Հարավային Օսիայի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:
Վրաստանը պնդում է, որ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել Հարավային Օսիա, ուստի վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել «քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով»:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 մարդկային կորուստ, վրացական կողմը՝ 412:
Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչներ լքել են իրենց տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը։
Լավրովը բարձր է գնահատում վրացական իշխանությունների՝ Արևմուտքին ընդդիմանալու «խիզախությունը»