Վրաստանի բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալությունը շուկայից հանել է հնդկական Marion Biotech ընկերության Nolgrip Junior (NOLGRIPP Junior) տեսակի դեղամիջոցը։
Ըստ գործակալության՝ դեղամիջոցի մեջ հայտնաբերված նյութերը թունավոր են, և դրանց օգտագործումը կարող է մահացու լինել:
«Որոշման պատճառն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունն էր, ըստ որի` նույն արտադրողի դեղորայքային պատրաստուկները՝ DOK-1 Max և AMBRONOL, պարունակում են դիէթիլեն գլիկոլ և/կամ էթիլեն գլիկոլ»,- գրել է գործակալությունը։
Նշենք, որ վերոնշյալ դեղերը վրացական շուկայում չեն վաճառվում, սակայն կարգավորող գործակալությունը դադարեցրել և շուկայից հետ է կանչել նույն արտադրողի մեկ այլ դեղամիջոց։ Դեղագործական արտադրանքի ներկրողներին և դիստրիբյուտորներին հանձնարարվել է դադարեցնել դեղի վաճառքը, շուկայից հանել և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկատվություն ներկայացնել բժշկական ու դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալություն։
Ի դեպ, Marion Biotech-ն այն ընկերությունն է, որը մեղադրվում է Ուզբեկստանում 18 մարդու մահվան համար (արտադրած դեղորայքի պատճառով), և ներկայումս ընկերության դեմ հետաքննություն է ընթանում։