Զուրաբիշվիլին դատապարտել է ՌԴ-ից Դնեպր քաղաքի ռմբակոծումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է հունվարի 14-ին Դնեպր քաղաքում բնակելի շենքի ռմբակոծությանը ռուսական զորքի կողմից։

«Ես կտրականապես դատապարտում եմ Դնեպրում բնակելի շենքի վրա այս դաժան հարձակումը։ Քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնության այս դրսևորումը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Դնեպրում և ողջ Ուկրաինայում», — գրել է նախագահը Twitter-ում։

Հունվարի 14-ին Ռուսաստանը ռմբակոծել է Դնեպր քաղաքում գտնվող 9-հարկանի բնակելի շենքը։ Ավելի քան 30 մարդ զոհվել է, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել քաղաքացիներին։