84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն։
Բուբա Կիկաբիձեն հանդես է եկել վրացական խորհրդային մի շարք հայտնի ֆիլմերում՝ «Միմինո» (1977), «Մի անհանգստացիր» (1969 թ.), «Վեռայի թաղային մեղեդիներ» (1973 թ.) և այլն։
Կիկաբիձեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել բազում գործիչներ։ Երգչի հարազատներին իր ցավակցությունն է հայտնում նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին.
«Ցավով եմ ապրում վրացի ականավոր արտիստի՝ դերասան և երգիչ Բուբա Կիկաբիձեի մահը։
Մեր երկրի շատ սերունդների համար նրա՝ որպես դերասանի անունը կապվում է շատ սիրելի կերպարների հետ, որոնք անցել են ժամանակի փորձությունը և դեռ երկար կուրախացնեն հանդիսատեսին։
Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու ընկերներին»։
Նշենք նաև, որ Բուբա Կիկաբիձեն Ուկրաինայի ազգայնական կուսակցության ցուցակի առաջին համարն էր և 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։ 2020 թվականի հոկտեմբերին նրան ցուցակի առաջին տեղում է ներկայացրել «Ուժը միասնության մեջ է» ընտրական դաշինքը։
Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։