Վրաստանի ազգային գրադարանում կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Մրցույթը կազմակերպել էր «Վիրահայերի միությունը»` Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի, Իլիայի պետական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, անվանի մշակութային գործիչների հետ համագործակցությամբ։
«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ այս տարի մրցույթն էլ ավելի մեծ թափ էր ստացել․
«Փարաջանովին նվիրված մրցույթն այս տարի նշվեց էլ ավելի մեծ շուքով, ամենաշատ թվով մասնակիցներն ունեինք` բոլոր նախորդ տարիների հետ համեմատած։
Պարգևների հանձնման արարողությանը ներկա գտնվելու համար Թբիլիսի էր ժամանել Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանագարանի տնօրենը, գլխավոր ֆոնդապահ։ Ներկա էին նաև պետական համալսարանների ներկայացուցիչներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը և հետաքրքրված անձինք», — նշում է Առաքելովան։
Ժյուրին ընտրեց 3 հաղթող մեծահասակներից և 3-ը` փոքրերից։
Մեծահասակներից առաջին հորիզոնականն է զբաղեցրել Թինա Բուկիան, երկրորդ հորիզոնականը` Նինո Կոկաիան, և երրորդը՝ Ցիրա Ջուղաիձեն։
Առաջին հորիզոնական զբաղեցրած Թինա Բուկիան, ով հանդիսանում է Թբիլիսիի գեղարվեստի պետական համալսարանի շրջանավարտ, մրցույթին մասնակցել է երկրորդ անգամ, առաջին անգամ ևս զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ 2017 թվականին։
«Ալիք մեդիայի» հետ զրույցում ընդգծում է, որ հաղթանակը այս մրցույթում մեծ արժեք ունի նրա համար, հատկապես, որ այն կապված է մեծն Փարաջանովի հետ․
«Ինձ համար Փարաջանովն անկրկնելի անձնավորություն է, մեծ արվեստագետ։
Հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել անձամբ հանդիպել նրան մեր տանը՝ Աբակելիա փողոցում, նա հաճախ էր գալիս իմ հայրական տուն։ Նրան հանդիպել եմ նաև Կոտե Մեսխիի փողոցում, իմ ընկերներն ապրում էին Փարաջանովի հարևանությամբ։ Այդ ժամանակ դեռ չէի հասկանում, թե ինչ մեծ արվեստագետ է Փարաջանովը։ Նա ինձ համար մեծ սեր է, և այնքան եմ ցավում, որ կյանքի ընթացքում չի գնահատվել իր արվեստը», — ասում է Բուկիան։
Թինա Բուկիան շատ է կարևորում նման մրցույթների դերը հասարակության համար և երիտասարդ արվեստագետների զարգացման ճանապարհին։
Ինչ վերաբերում է փոքրերին, ապա «Վիրահայերի միության» կողմից ընտրվեց Անի Պիոլտոյանի նկարը, Իլիայի պետական համալսարանի կողմից Լամարա Դանիելյանի աշխատանքը, իսկ ժյուրիի կողմից ընտրվեց Մարիետա Էլոյանի նկարը։
Մարիետա Էլոյանը 15 տարեկան է, Մառնուլիի շրջանի Կարմիր գյուղից։ Աղջիկը նշում է, որ այս հաղթանակը նրան տվել է մոտիվացիա, ավելի աշխատելու իր նկարչական ունակությունների վրա․
«Նկարչությունը դեռ մանկուց շատ եմ սիրել և այս 3 տարվա ընթացքում սկսել եմ ավելի շատ աշխատել և տարբեր մրցույթների մասնակցել։ Սա իմ 3֊րդ հաղթանակն է։ Երկրորդ անգամ եմ մասնակցում մրցույթին։ Մրցույթին մասնակցելու միտքը ինչպես և առաջին անգամ տվեց գյուղի երիտասարդական զարգացման տան ղեկավարը, որտեղ հաճախում եմ, սիրով համաձայնվեցի։
Հաղթանակի մասին չեմ մտածել, սակայն հույս ունեի, որ կհավանեն աշխատանքս», — պատմում է Էլոյանը։