«Վրաստանը նպատակ չունի վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները` մինչև օկուպացված տարածքների խնդրի լուծումը»: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով ներիկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն` մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի` Վրաստանը պատրաստ է վերսկսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման բանակցությունները։ Աբաշիձեն նշել է, որ ռուսաստանյան ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ ճիշտ են թարգմանել իր խոսքը, սակայն համատեքստից կտրված բոլորովին այլ բան են փոխանցել.
«Ես պատասխանել եմ ռուսական «Известия» թերթի մի քանի հարցերի: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հետ կապված` ասել եմ, որ այս փուլում դա չի դիտարկվում: Հարցը օրակարգում կարող է լինել միայն այն դեպքում, երբ սկսվի Աբխազիայի և Ցխինվալիի խնդրի քննարկումը, և հասնենք շոշափելի առաջընթացի: Դիրքորոշման որևէ փոփոխություն չկա, և Աբաշիձե-Կարասին հաջորդ հանդիպման ընթացքում նման հարց չի դիտարկվի»,-ասել է Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսի 7-ին վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Պատերազմի հետևանքվ Վրաստանի 408 քաղաքացի զոհվեց, որոնցից 170-ը զինծառայողներ: Վիրավորների և տուժածների թիվը հասավ 2232-ի: 30 հազար մարդ փախստական դարձավ, նրանց թիվը Վրաստանում այսօր 263.598 է: