Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուն Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ վրացի գործընկերոջ՝ Իլիա Դարչիաշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։
Վրաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների (ԱԳ) հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 11-ին։
Ըստ Էստոնիայի ԱԳ նախարարի՝ ինքը վրացական կողմին կոչ է արել թույլ տալ Սաակաշվիլիի բուժումն արտերկրում։ Նրա խոսքով, վրացի գործընկերոջ հետ ինքը խոսել է նաև Ուկրաինային օգնության անհրաժեշտության և Վրաստանի եվրաինտեգրման մասին։
«Ես նրան ասացի, որ Էստոնիան կանգնած է Վրաստանի կողքին՝ դեպի Եվրոպա տանող ճանապարհին…»,- գրել է Ռեինսալուն։
Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և Էստոնիայի անսասան աջակցությունը Վրաստանի եվրոպական նկրտումներին։
«Մենք նաև ընդգծել ենք Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը»,- գրել է Դարչիաշվիլին: