Վրաստանի «Հետաքննող լրագրողների միություն» ifact.ge-ի փոխանցմամբ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջ՝ Նատալյա Մոծոնելիձեի ղեկավարած «Պետական և մասնավոր համագործակցություն» (PPP) գործակալությունը չի կատարել իր առջև դրված գործառույթները, ըստ որոնց` պետք է երկրի համար հաջող և շահավետ ներդրումներ ներգրավեր։
Ըստ ifact.ge-ի՝ 2022 թվականին պետական բյուջեից 269 հազար լարի է հատկացվել մի գործակալության, որը չի աշխատում։ Ստացած գումարից 182 հազար լարին ծախսվել է միայն գործակալության նախագահի, ավագ վերլուծաբանի և վարչական ղեկավարի աշխատավարձի վրա։
Գործակալության նախագահի պաշտոնի համար 2021-2022 թվականներին Մոծոնելիձեն ստացել է 93 հազար լարի աշխատավարձ։
«Հասկանալի է, որ գերատեսչությունը չի կարող մանրակրկիտ կատարել իրեն վերապահված գործառույթները…
Գործակալության տարեկան հաշվետվություններում կարող ենք կարդալ, որ հարյուրավոր համակարգող հանդիպումներ են տեղի ունեցել պոտենցիալ ներդրողների, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ. մասնակցել է կոնֆերանսների, ստեղծել հանրային փաստաթղթեր: 2022 թվականին քննարկվել են 1,580 մլն դոլարի ներդրումային ծրագրեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, PPP գործակալության նպատակներն են՝ աղքատության հաղթահարում, բարեկեցության բարձրացում, վստահելի ներդրումային պրակտիկաների ստեղծում և բիզնես միջավայրի բարելավում:
Գործակալությունը փորձում է նախագծեր գտնել նորարարական և թվային տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և կրթության ոլորտում։
Նշենք, որ «Պետության և մասնավոր համագործակցության մասին» օրենքն ընդունվել է 2018 թվականի մայիսին։ Մեկ տարի անց՝ 2019 թվականի փետրվարին, սկսել է գործել «Պետություն և մասնավոր համագործակցություն» գործակալությունը, որը հաշվետու է Վրաստանի վարչապետին։ Վարչապետն է նշանակում և ազատում նաև PPP-ի նախագահին։
2021 թվականի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անմիջապես գործակալության ղեկավար է նշանակել Նատալյա Մոծոնելիձեին։ Մինչ այդ երկու տարի Մոծոնելիձեն եղել է PPP-ի նախագահի տեղակալն ու նախագահի պաշտոնակատարը։
Մոծոնելիձեն մասնագիտությամբ իրավաբան է։ 2008 թվականից դասախոսում է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2016-2019 թվականներին եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի որակի ապահովման բաժնի վարիչ և ռեկտորի խորհրդական։
Ավելին՝ սկզբնաղբյուր նյութում: