«Էներգո-Պրո Ջորջիա»-ի անունից կեղծ գովազդ է տարածվել

«Էներգո-Պրո Ջորջիա» էներգետիկ ընկերության անունից սոցիալական ցանցերում և տեսահոլովակներում կեղծ գովազդային հայտարարություն է տարածվել։

Ընկերության տվյալներով՝ խարդախ սխեմայի հեղինակները փորձում են գումար շորթել քաղաքացիներից դասական ֆինանսական բուրգի միջոցով։

«Էներգո-Պրո Ջորջիա»-ն նշում է, որ տարածված հայտարարությունը կեղծ է և կապ չունի ընկերության գործունեության հետ։

«Վիրուսային տեսանյութում Վրաստանի քաղաքացիներին և երկրի հյուրերին ռուսերենով հորդորում են գումար ներդնել անհայտ ֆինանսական օպերացիայի մեջ։ Էներգետիկ ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին` չտրվել նման կեղծ առաջարկների և գումար չներդնել նրանց հարթակում։ Այս պահին ընկերության իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններն աշխատում են խարդախ գովազդի տարածումը սահմանափակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։