Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչները 2023 թվականը սկսել են նոր ստորագրահավաքով: Այսօր՝ հունվարի 5-ին, ստորագրահավաք է սկսվել, որով պահանջում են բարձրացնել դասղեկների աշխատավարձը, հայտնում է EDU.ARIS.GE-ն:
Տեղեկության համաձայն, ստորագրահավաքը սկսել է առաջատար ուսուցչուհի Թամար Ցանավան, որը նաև ծննդաբերությունից հետո մայրության խնամքի արձակուրդ գնացող (դեկրետ) ուսուցիչների արձակուրդի վճարի բարձրացման ստորագրահավաքի հեղինակն է:
Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ հանրակրթական դպրոցների դասղեկների աշխատավարձը 80 լարի է։ Մինչդեռ երկրում ամեն ինչի գները աղետալիորեն բարձրացել են, այդ 80 լարին չի հերիքում անգամ երկու օրվա համար։
«Եթե հաշվի առնենք, որ ծնողների հետ մշտական շփումը դասղեկների անմիջական պարտականությունն է, ապա այս գումարի ամենամեծ մասը նրանց անհրաժեշտ է միայն հեռախոսային խոսակցությունների համար։ Կարևոր է նաև, որ որոշ դասղեկներ ապրում են դպրոցից հեռու, և բացի Թբիլիսիից, այլ քաղաքներ մեկնելու ուղեվարձը նրանց ձեռնտու չէ, ուստի ուսուցիչների վրա ճանապարհորդությունը բավականին թանկ է նստում։
Կարևոր է նաև, որ աշակերտների մեծ մասը դպրոցում հաճախ քաղցած է լինում (իրենց սոցիալական խնդիրների պատճառով), և դասղեկները ստիպված են լինում մի քանի անգամ երեխաների համար քաղցրավենիք գնել և տանել դպրոց, որպեսզի սոված աշակերտը գոնե կոնֆետ ուտի։ Ոչինչ չենք ասում ուսուցչի հոգեբանական վիճակի պատասխանատվության մասին, երբ նա դասարանում ունի 30-35 աշակերտ և յուրաքանչյուրի նկատմամբ մշտական հոգատարության ու ուշադրության ռեժիմ ունի…»,- նշված է ստորագրահավաքի տեքստում:
Ըստ ստորագրահավաքի տեքստի՝ 2022 թվականի սեպտեմբերին ուսուցիչների խնդրանքով ստեղծված նախաձեռնող խումբն այս խնդիրը ներկայացրել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը (ԿԳՆ)։
«Նախարարությունից մեզ խոստացան, որ դա հաշվի կառնեն։ Եվ հիմա մենք միասին կոչ ենք անում կրթության և գիտության նախարարությանը, որ այս խնդիրը պետք է լուծվի, սա չի կարող հետաձգվել տարիներով։ Դասղեկների աշխատավարձն անպայման պետք է բարձրանա, քանի որ դասղեկի կրած ամենամեծ պատասխանատվությունը մեր օրերում իսկապես թերագնահատված է, և նա ավելի շատ գնահատանքի ու խրախուսանքի կարիք ունի»,- գրել է խնդրագրի հեղինակ Ցանավան: