Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը, Երուսաղեմի պատրիարք Թեոփիլեն և այլք:
Իլիա II-ն այսօր դարձավ 90 տարեկան։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իլիա II-ը մաղթել է խաղաղություն, առողջություն, ուժ ու կորով Հայրապետի բարձր ու պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին․
«Վեհափառ Հայրապետ, Ձեր գահակալության 45-ամյակի և ծննդյան 90-ամյակի կապակցությամբ անկեղծ մաղթանքներ եմ հղում՝ աղոթելով, որ Ամենակարող Աստված օրհնի ձեզ առողջությամբ և առատությամբ…», — հղած շնորհավորագրում ասել է Ֆրանցիսկոս Պապը։
Հռոմի Պապը նաև հավելել է․ «Գնահատում եմ Ձեր բազմազան երաժշտական ստեղծագործությունները, որոնք հաճախ եմ լսում որպես աղոթքի նախապատրաստման արժեքավոր միջոց: Դա շատ թանկ է ինձ համար….»։
Համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը շնորհավորական ուղերձում գրել է. «Սրտանց շնորհավորում եմ Վեհափառ Հայրապետ, նշանավոր օրվա՝ 90-ամյակի կապակցությամբ։
Հայրապետի ապրելակերպը անքակտելիորեն կապված է Քրիստոսի հետ, որին դուք սիրել եք մանկուց։ Եկեղեցու դաժան հալածանքների ժամանակ դուք ընտրեցիք Աստծուն ծառայելու փշոտ ճանապարհը…»:
Երուսաղեմի պատրիարք Թեոփիլե III-ը շնորհավորական ուղերձում նշել է. «Հայրապետական և եղբայրական մեր այս նամակով մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում Ձեր սիրելի և բաղձալի երանությանը, Ձեր ծննդյան 90-ամյակի և գահակալության 45-ամյակի կապակցությամբ….»,- ասվում է Թեոփիլեի նամակում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գել է. «Շուրջ կես դար Նորին Սրբությունը, որպես ազգի միասնության խորհրդանիշ, մեզ լցնում է բարությամբ, խաղաղությամբ ու իմաստությամբ»։
Վարչապետը նշել է, որ անգնահատելի է պատրիարքի ներդրումը ազգի և հայրենիքի առաջ, ինչպես նաև նրա հանդեպ ունեցած հարգանքի ու սիրո իրական զգացումը վրաց հասարակության մեջ:
«Առանձնահատուկ հարգանքով և սիրով ցանկանում եմ շնորհավորել Համայն Վրաց պատրիարք Իլիա Երկրորդին»,- նշել է գործադիրի ղեկավարը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական նամակում գրել է. «Ձերդ Սրբություն, իմ և Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի առթիվ։ Վրաստանին մաղթում եմ՝ Աստծո ողորմությամբ Ձեզ երկար տարիներ պահի վրաց եկեղեցու գլխին»: