25 տարի է մեզ բաժանում այն արժանահիշատակ օրերից, երբ հիմքը դրվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի: 25 տարին մի այնպիսի երկրի համար, որն այս դարասկզբին տոնեց քրիստոնեության` որպես պետական կրոնի հռչակման 1700-ամյակը, և մոտ ժամանակներում կտոնի իր մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը, իհարկե, բավական փոքր մի ժամանակահատված է, ընդամենը մի ակնթարթ հազարամյակների պատմության մեջ:
Անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհում ձևավորված պետական կազմավորումները` Ուրարտու-Արարատյան թագավորություն, Արատտա, Հայասա, Մեծ Հայք ևն, մշտապես հայտնի են եղել Փոքր Ասիայում իրենց մղած հաղթական պատերազմներով: Մեր անվանադիր Հայկ Նահապետի մղած ազատության համար պատերազմով է սկսվում հայ ժողովրդի կազմավորումը: Հայաստանը, որպես տարածաշրջանի հզորագույն տերություններից մեկը, հաղթական պատերազմներ էր մղում Բաբելոնի ու Ասորեստանի, Աքեմենյան Իրանի և Հռոմի դեմ, ավելի ուշ դարերում կասեցնում էր եվրոպական երկրները նվաճած արաբական, մոնղոլ-թաթարական, թուրք-սելջուկյան հորդաների արշավանքները:
Հայաստանում պարտության էին մատնվում հին աշխարհի այնպիսի հռչակված զորավարներ, ինչպիսին Դարեհը, Լուկուլլոսը, Մարկոս Կրասոսը ևն: Եվ հակառակը, պատմական աղբյուրների վկայությամբ, հայկական զորքերը դաշնակցային օգնություն էին ցուցաբերում այլևայլ երկրների ու ժողովուրդների` համաշխարհային պատմության մեջ հայտնի բազմաթիվ ճակատամարտերում պսակելով իրենց անունը փառքով ու պատվով: Հայերը Զարմայր նահապետի հրամանատարությամբ մարտնչում էին Տրոյա-Իլիոնի համար, բյուզանդական հայազգի զորավար Նարսեսի գլխավորությամբ ազատագրում Հռոմը գոթերից, մասնակցում Գավգամելայի ու Մագնեսիայի, ավելի ուշ ժամանակներում` Գրյունվալդի ճակատամարտերին:
451թ. Սբ. Վարդան Մամիկոնյանի՝ Սբ. Շուշանիկի հոր հրամանատարությամբ հայերը հերոսաբար դիմակայեցին զրադաշտական Պարսկաստանի բանակը «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» Ավարայրի ճակատամարտում: Անհամեմատ փոքրաքանակ լինելով՝ նրանք պարտվեցին, բայց գալիք սերունդներին թողեցին պատգամ. «Մահ չիմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն» (չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահն՝ անմահություն):
1375թ. Կիլիկյան Հայաստանի անկումից հետո` նույնիսկ ազգային պետականության 600-ամյա բացակայության շրջանում, հայությունը ծնում էր համաշխարհային հռչակ ունեցող տաղանդավոր զորավարներ ու զորապետներ, որոնք իրենց անունը փառքով են պսակել օտար բանակների կազմում:
1918-21թթ. կարճատև գոյություն ունեցած անկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նոր փառավոր էջեր գրեցին մեր նորագույն պատմության մեջ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո Ռուսաստան աքսորվեց հայոց բանակի ընտրանին` թվով մոտ 1500 գեներալ և սպա, որոնք շուրջ մեկ տարի անմարդկային պայմաններում էին պահվում բոլշևիկյան համակենտրոնացման ճամբարում: Աքսորից Հայաստան վերադարձան քչերը, որոնք իրենց հերթին հետագայում վտարանդվեցին արտասահման, ավելի ուշ կրկին աքսորվեցին կամ գնդակահարվեցին:
2-րդ համաշխարհային պատերազմում Հայաստանը գերմանական ճակատում կազմավորել և հանել էր 5 ազգային դիվիզիա (ևս 1-ը` Թուրքիայի դեմ մշտական տեղակայմամբ), որոնցից 89-րդ Թամանյան գվարդիական դիվիզիան մարտերով հասավ մինչև Բեռլին, ռայխստագի պատերի տակ հայ մարտիկները պարեցին քոչարի հինավուրց ռազմական պարը: Պատերազմում հայ ժողովուրդը տվեց այնպիսի զորապետներ, ինչպես ռազմաօդային ուժերի հրամանատար, մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), Ռազմածովային Ուժերի Գլխավոր Շտաբի պետ, ծովակալ Հովհաննես Իսակովը, շուրջ 200 գեներալ:
Սփյուռքահայությունը ևս մասնակցելով Եվրոպայում դիմադրական շարժմանը` հերոսներ տվեց Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում:
Մեր նորագույն պատմության մեջ հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման իրողության հետ: Երկուսի համար էլ սկիզբը եղավ 1988թ. փետրվարը՝ սկիզբը Արցախի հետ վերամիավորման ազգային պայքարի:
Հայոց Զինված Ուժերը, ինչպես և հայոց պետականությունն ինքը, կազմավորման ընթացքում անցել են մի քանի դժվարին փուլեր: Այդ տարիների Զինված ՈՒժերն ապրում էին երկու կյանքով. մի կողմից գտնվելով սկզբնավորման փուլում՝ Զինված ՈՒժերը պաշտպանում էին հայոց սահմաններն ու ժողովրդին, և մյուս կողմից՝ պարտության մատնում չհայտարարված պատերազմ վարող հակառակորդին:
Ռազմական տեսաբանները համակարծիք են մարտական գործողությունների վարմանը զուգահեռ բանակաշինության իրականացման անհնարինության շուրջ: Այնուամենայնիվ, արցախյան պատերազմի պատմությունը ցույց տվեց, որ հայությանը հաջողվել է հերոսական ջանքերի գնով համատեղել այդ երկու դժվարին խնդիրների իրականացումը` անձնվեր և հերոսական կամավորական ջոկատներից անցում կատարելով կանոնավոր բանակի:
Վերջին պատերազմի բազմաթիվ ճակատամարտերում մենք տեսանք մեր առջևից խուճապահար փախուստի դիմած թշնամու թիկունքը: Մեր արձակած կրակն ու պայթյունները փառավորեցին մարդու և ազգի ազատությունը, մարդկային և ազգային արժանապատվությունը: Մեր բանակում իշխած փոխհարաբերությունները՝ հրամանատարից մինչև զինվոր, ընկերության, փոխգործակցության և զինակցության դասական օրինակներ էին: Մենք չերկնչեցինք հակառակորդի փորձառու զինուժից և վարձկաններից՝ անգամ աֆղան մոջահեդներից, և ոչ էլ մեծաքանակ ուժերից:
Մենք կարողացանք հաղթել անհավասար և դաժան պատերազմում: Ոմանք ասելով ՙանհավասար պատերազմ՚՝ նկատի ունեն այն փաստը, որ թշնամին ուներ շատ դրամ, առավել սպառազինություն և մեծաթիվ ուժեր: Դա ճիշտ է, բայց մեզ համար այն անհավասար պատերազմ էր, քանի որ քաջերը պատերազմում էին վախկոտների դեմ, և մենք էինք քաջերը: Ազատության մարտիկները կռվում էին զավթիչների դեմ, և մենք էինք ազատության մարտիկները: Արդարը մարտնչում էր անարդարի դեմ…
Մեր երկրի Զինված Ուժերը նախորդ տարիների ընթացքում անցել են մի շարք զարգացման և բարեփոխումների փուլեր՝ միտված վերակազմավորմանը, սպառազինության նորացմանը, սպայակազմի արհեստավարժության մակարդակի, չափանիշների և կարողությունների բարձրացմանը: Ներկայումս ՀՀ ԶՈՒ ակտիվորեն ներգրավված են միջազգային ռազմական համագործակցության ասպարեզում, ներառյալ Աֆանստանում, Կոսովոյում և Լիբանանում իրականացվող խաղաղապահ առաքելությունները:
21-րդ դ. մարտահրավերներն արմատականորեն փոխում են ռազմական անվտանգության վերաբերյալ մինչ այժմ եղած պատկերացումները: Այլևս ոչ մի պետություն` անկախ իր հզորությունից ու աշխարհագրական դիրքից, չի կարող լիարժեք կերպով միայնակ ապահովել իր անվտանգությունը: Այդ իսկ պատճառով միջազգային ռազմական համագործակցությունն իր հերթին էական նշանակություն ունի բանակաշինության գործում:
Այստեղ՝ Վրաստանի հյուրընկալ արևի ներքո չենք կարող չհիշատակել հայ-վրացական ռազմական համագործակցությունը, ինչը սկզբնավորվում է վաղնջական ժամանակների խորքից: Ավելի քան 20 դար է մեզ նայում պատմելու այդ համագործակցության բազմաթիվ դրվագները՝ լեցուն ուս-ուսի մարտնչած հայ և վրաց ռազմիկների քաջության ու անձնազոհության օրինակներով ընդդեմ ընդհանուր թշնամիների:
Հայոս և Քարթլոս եղբայրների մասին առասպելի համաձայն, հայերի և վրացիների նախահայրերն իրենց ազատության համար միասին են մարտնչել չարիքը խորհրդանշող Բաբելոնի տիրակալ Բելի դեմ:
Մենք հիշում ենք մեր նախահայրերին և հայրերին, ովքեր համատեղ մարտնչել են ընդդեմ նվաճողների:
Մենք հիշում ենք հայ-վրացական միացյալ զորքը Վախթանգ Գորգասալի և Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ, 5-րդ դարում երկու կողմերից «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» նահատակված քաջամարտիկներին:
Մենք հիշում ենք 571թ. հայ-վրացական միացյալ ապստամբությունը Պարսկաստանի դեմ, Վարդան Մամիկոնյանի և Գուրգենի գլխավորությամբ:
Մենք հիշում ենք 1071թ. Մանազկերտի ճակատամարտում ընդդեմ սելջուկ-թուրքերի մարտնչած բյուզանդական բանակի հայոց և վրաց զորամասերը:
Մենք հիշում ենք մեր ընդհանուր արքայատները:
Մենք հիշում ենք Կովկասի ազատագրությունը սելջուկ-թուրքերից հայ-վրացական միացյալ ուժերով՝ Դավիթ Շինարար արքայի և Թամար թագուհու ղեկավարությամբ, նրանց հայազգի սպարապետներին:
Մենք հիշում ենք 1225թ. Խորեզմշահերի կայսրության բանակի դեմ Գառնիի ճակատամարտում նահատակված ավելի քան 20 հազար վրաց և հայոց զինվորներին:
Մենք հիշում ենք 1722թ. հայոց ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ-Բեկին՝ Վրաստանի արքա Վախթանգի բանակի նախկին սպային, և վրաստանցի կամավորներին…
Հայ-վրացական ռազմական համագործակցության պատմական և նորօրյա դրվագներն անվերջանալիորեն կարելի է հիշատակել: Անշուշտ, դրանք կայուն հիմք են ստեղծել ներկա աշխարհաքաղաքական պայմաններում երկկողմ համագործակցության համար:
Վստահ ենք, որ հայ-վրացական ռազմական համագործակցությունը շարունակական զարգացում է արձանագրելու ի փառս մեր ազգերի բարեկամության: Բարեկամություն, որ խարսխված է մեր սրտերում, հոգիներում և մտքերում, արմատավորված ընդհանուր քաղաքակրթությանն ու արժեքներին:
Հայ ժողովուրդն ու իր Զինված Ուժերը պատրաստ են դիմագրավել մեր հակառակորդների կողմից բխող որևէ մարտահրավեր: Հայաստանը տակավին հարուստ չէ նավթով կամ գազով, կամ որևէ այլ բնական պաշարով, սակայն որևէ մարտահրավեր դիմագրավելու համար մենք ունենք ամենազորավոր պաշարը՝ մեր կամքը պաշտպանելու Ճշմարտությունը, Հավատքը և Արդարությունը:
Մեր հայրենակիցներին ու բարեկամներին կարող ենք միանգամայն հավաստիացնել, թե հայոց Զինված Ուժերն իրականացնում են ամենայն հնարավորը մեր հայրենիքի և Կովկասի խաղաղության ու անվտանգության ապահովման համար, և թող Աստված պահպանի մեր Զինված Ուժերը մարտադաշտում սեփական հզորությունն ու կամքը ևս մեկ անգամ դրսևորելու անհրաժեշտությունից:
Աստված պահապան Հայաստանի Զինված Ուժերին:
Աստված պահապան Վրաստանի և մեր բոլոր դաշնակիցների Զինված Ուժերին:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և փառք Հայոց բանակին:
Գնդապետ Սամվել Ռամազյան
Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ