Ամերիկացի թունաբան Դեյվիդ Սմիթը, որը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ թունաբանական բժշկական զեկույց է պատրաստել, ահազանգել է, որ երրորդ նախագահը դեմենցիա (մարդու հոգեկան գործունեության գրեթե լրիվ ընդհատում, տկարամտություն) ունի, որն առաջացել է ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի, մկնդեղի և բարիումի ազդեցության հետևանքով։
Ըստ Սմիթի՝ Սաակաշվիլիին անհրաժեշտ է այնպիսի ախտորոշում և թերապիա, որոնք հնարավոր չէ ապահովել Վրաստանում։ Սմիթի կարծիքով՝ առանց համապատասխան բուժման՝ առկա են մահվան անմիջական վտանգներ կամ առողջության լուրջ, արագ և անդառնալի վատթարացում, ներառյալ երրորդ նախագահի հաշմանդամ դառնալու վտանգը:
Սմիթի խոսքով՝ ծանր մետաղները, ինչպիսիք են` սնդիկը, մկնդեղը և բարիումը, որոշակի ժամանակահատվածից հետո դուրս են գալիս օրգանիզմից՝ թունավորելով մի շարք օրգաններ։
Ըստ թունաբանի՝ երրորդ նախագահը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել, հատկապես վնասվել է ուղեղի գործադիր օղակը, ինչը Սաակաշվիլիի օրգանիզմում առաջացրել է լուրջ և զարգացող տկարամտություն:
«Նա գտնվում է ծայրահեղ նյարդային վիճակում, որը ուղեղից դուրս գտնվող նյարդերի վնասվածք է, նկատելի է նաև մկանների թուլացում։ Նա նաև ունի մարսողական համակարգի խանգարումներ` գաստրիտի բարդացմամբ, որի պատճառով մշտական փորլուծություն ունի, հետևաբար նաև` կախեքսիա և քաշի կտրուկ կորուստ»,- ասել է Սմիթը։