Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, վերջին օրերին մի շարք երկրներում նկատվում է COVID-19-ի նոր դեպքերի և մահացության աճի միտում:
Ցերցվաձեն նշել է, որ Վրաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը դեռևս լավ է և հուսալիորեն կառավարվում է որպես սովորական շնչառական վարակ, հոսպիտալացված վարակակիրների թիվը չի գերազանցում 150-200–ը, իսկ մահացության մակարդակը դեռևս նվազագույն է. ընդհանուր՝ 6 մահվան դեպք վերջին մեկ ամսում։
«Շատ կարևոր է, որ վերջին 9 ամիսների ընթացքում, ներառյալ վերջին 1 ամիսը, Վրաստանում 1 միլիոն բնակչի հաշվով COVID-19-ից մահացությունների թիվն անհամեմատ ավելի քիչ է, քան Ամերիկայի, Եվրոպայի և աշխարհի մյուս երկրներում»,- ասել է Ցերցվաձեն:
Ցերցվաձեն բնակչությանը կոչ է արել, հաշվի առնելով առկա ռիսկերը՝ շնչառական վարակի ցանկացած հայտնաբերման դեպքում հնարավորինս շուտ հանձնել COVID-19-ի թեստ, իսկ դրական պատասխան ստանալու դեպքում անհապաղ դիմել ընտանեկան բժշկի և խստորեն հետևել նրա խորհուրդներին։
«Այսօր Վրաստանի բնակչությունը հուսալիորեն պաշտպանված է COVID-19-ից: Բայց աշխարհում, և հատկապես Չինաստանում, մեզ շրջապատող COVID-19-ի անբարենպաստ իրավիճակը լուրջ ռիսկեր է պարունակում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի COVID-19-ի կառավարման «սանձերը» բաց չթողնենք մեր ձեռքից, և դա հնարավոր է անել միայն բնակչության և բուժանձնակազմի համատեղ ջանքերի միջոցով»,- հավելել է Ցերցվաձեն: