2023 թվականին Վրաստանը որպես հյուրընկալող երկիր կմասնակցի ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Զբոսաշրջության ազգային վարչությունը նշում է, որ սա Վրաստանի համար հիանալի հնարավորություն է իր զբոսաշրջային ներուժը ողջ աշխարհին ներկայացնելու համար։
Ընդունող երկրի կարգավիճակով Վրաստանին հնարավորություն է տրվում ցուցահանդեսի 200 հազար այցելուներին, նրանց թվում՝ 100 հազար գործարար այցելուների և ցուցահանդեսի միլիոնավոր հեռուստադիտողների ներկայացնելու իր զբոսաշրջային արտադրանքը:
Վրաստանը կներգրավվի միջազգային լրատվամիջոցների արշավներում, որոնք ներառում են առցանց, հեռուստատեսային, ռադիո և տպագիր մամուլ:
Նշենք, որ ITB Berlin-ը աշխարհի առաջատար զբոսաշրջային առևտրային տոնավաճառն է 1966 թվականից: Մինչ կորոնավիրուսի համաճարակը, ամեն տարի ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 10 հազար ընկերություն 181 երկրներից։ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես է այցելել ավելի քան 160 հազար այցելու, նրանց թվում՝ 113 հազար 500 գործարար։