Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը հերքում է պատգամավորական աշխատավարձ ստանալու մասին տարածված լուրերեը։
Ռուլոֆսը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պատգամավորի իր լիազորությունները դադարեցվել են նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, իսկ մինչ այդ ստացված գումարը փոխանցվել է «Մանկական հյուրատուն» բարեգործական ընկերությանը:
«Խոսակցությունները, թե ես պատգամավորական աշխատավարձ եմ ստանում, չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 18-ին՝ 9-րդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրն եմ հանձնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը: Իմ լիազորությունները դադարեցվել են դեկտեմբերի 1-ին: Այդ ժամանակահատվածում (նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 1-ը) աշխատավարձը կազմել է 1339 լարի, որն իմ խնդրանքով փոխանցվել է «Մանկական հյուրատուն» բարեգործական կազմակերպությանը»,- հայտարարել է Սանդրա Ռուլոֆսը՝ ֆեյսբուքի իր էջում հրապարակելով նաև փոխանցման կատարումը հաստատող կտրոնը։
Հիշեցնենք՝ Սանդրա Ռուլոֆսը 2016թ․ հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր էր ընտրվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համամասնական ցուցակով։ Ընտրությունների 2-րդ փուլից առաջ, սակայն, նա հայտարարել էր ընտրապայքարը դադարեցնելու ու պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։