Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առաջատար ավիաընկերություններից մեկը՝ China Southern Airlines-ը, կվերսկսի կանոնավոր օդային հաղորդակցությունը Վրաստանի ուղղությամբ։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Ուրումչի-Թբիլիսի-Ուրումչի ավիագծով կանոնավոր չվերթները կսկսվեն 2023 թվականի հունվարից։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված դիմումի համաձայն՝ Ուրումչի-Թբիլիսի կանոնավոր չվերթները կիրականացվեն ամեն ուրբաթ` շաբաթական 1 հաճախականությամբ, մինչև ձմեռային սեզոնի ավարտը՝ 2023 թվականի մարտի 25-ը։
Ի դեպ, China Southern Airlines ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Վրաստան 2020 թվականի հունվարին՝ Covid-19 վարակի հետ կապված համաճարակի պատճառով։ Վերջին կանոնավոր չվերթը դեպի Վրաստան իրականացվել է 2020 թվականի հունվարի 23-ին։