Վրաստանի կառավարությունը ծրագրում է Ծկղալտուբո հանգստավայրի ևս հինգ լքված առողջարան հանձնել Կատարի ներդրումային խմբին, հայտարարել է Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։
Նրա խոսքով, կատարյան ներդրումների հաշվին Ծկղալտուբոյում կստեղծվի բարձր մակարդակի հյուրանոց, հանգստի ու առողջապահական ենթակառուցվածք։ Խոսքը տարբեր դասերի հյուրանոցային ցանց ստեղծելու մասին է։
Նախարարը չի նշել, թե կոնկրետ որ առողջարաններով է հետաքրքրված Կատարի ներդրումային խումբը, սակայն ասել է, որ սեփականաշնորհման նվազագույն արժեքը կկազմի մոտ 12 մլն լարի, իսկ ներդրողի պարտավորությունները՝ մինչև 35 մլն լարի։
Նշենք, որ Ծկղալտուբո հանգստավայրից կառավարությունը վաճառքի է հանել ընդհանուր առմամբ 14 անշարժ գույք՝ հինգ պրեմիում հյուրանոց, հինգ միջին դասի հյուրանոց և չորս տարբեր տեսակի կացարան։