Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ 2022 թվականը Վրաստանի համար հաջող տարի էր եվրաինտեգրման առումով։
Թբիլիսիում ընթացող «Դեսպանների կոնֆերանս 2022»-ի շրջանակներում ունեցած իր ելույթում նա ասել է, որ բարեփոխումների առումով Վրաստանը մի քանի անգամ առաջ է անցել Ուկրաինայից ու Մոլդովայից, որոնք ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
«Այս տարին նշանավորվեց ևս մեկ շատ կարևոր դրական իրադարձությամբ, որը մեր երկրի հաջողությունն է եվրաինտեգրման ճանապարհին, մեր երկիրը որդեգրել է եվրոպական հեռանկար, ես համաձայն եմ, որ մեր ակնկալիքն էր, որ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ։ Ես չեմ ուզում նվաստացուցիչ որևէ բան ասել մեր գործընկեր պետությունների մասին, բայց դուք լավ գիտեք, որ մենք շատ առաջ ենք Ուկրաինայից և Մոլդովայից բարեփոխումների առումով։
Բացեիբաց ասվում էր, որ Ուկրաինային տվել են թեկնածուի կարգավիճակ, քանի որ պատերազմող երկիր է, իսկ Մոլդովան գնահատվել է որպես պատերազմական իրավիճակին հավասար վիճակում գտնվող պետություն։ Այսպիսով, մենք լիովին հասկանում ենք այս ամենը, բայց միայն հաջողություն ենք մաղթում մեր բարեկամ պետություններին՝ Մոլդովային և Ուկրաինային։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և բարգավաճում այս երկրներում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, կառավարության քաղաքականության արդյունքում Վրաստանում կա խաղաղություն, կայունություն, երկնիշ տնտեսական աճ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներում Վրաստանի դեսպաններին և ասել, որ ամեն ինչ անելու են նրանց և դեսպանատան մյուս աշխատակիցների սոցիալական վիճակը բարելավելու համար։
Նշենք, որ վերջին ամիսներին իշխող «Վրացական երազանքի» առաջին դեմքերը հաճախ են կրկնում այս նարատիվը, այն որպես ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ չստանալու պատճառ ներկայացնելով: