Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» («Ժամանակն է») կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 562 կին կոչ է արել Վրաստանի նախագահի Սալոմե Զուրաբիշվիլիին՝ օգտագործել սահմանադրական լծակները՝ Վրատսանի երրորդ նախագահ այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին ազատություն շնորհելու համար:
Հայտարարության մեջ կանայք գրել են, որ իրենց միավորում է մարդկային կյանքը փրկելու խնդիրը, Վրաստանի եվրոպական հեռանկարը, քաղաքացիական ներդաշնակության և խաղաղության հնարավորությունը։
Ըստ նրանց՝ պետությունը սահմանադրական պարտավորություններ ունի պաշտպանելու մարդու կյանքն ու արժանապատվությունը, հարգելու մարդու իրավունքները և կանխելու դաժան վերաբերմունքն ու մահապատիժը, և իրենց համար անընդունելի է հրաժարվել այդ պարտավորություններից։
«Տիկին Սալոմե, կատարեք այն քայլը, որը ձեզնից պահանջում են Վրաստանի կենսական շահերը… Օգտագործեք ձեր տրամադրության տակ եղած սահմանադրական լծակները՝ փրկելու Վրաստանի երրորդ նախագահի կյանքը և պաշտպանելու Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Կատարեք Վրաստանի խելացի և մարդասեր քաղաքացիների և մեր երկրի լավագույն ընկերների կոչը՝ ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին և ներում շնորհել Նիկա Գվարամիային…»,- նշված է հայտարարության մեջ։