«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ։
ԾԱԼԿԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իլիա Սաբաձեն հանրությանը ներկայացրեց քաղաքապետարանի գործունեության 2022 թվականի հաշվետվությունը: Ստորեւ, որոշ կրճատումներով, այն ներկայացնում ենք «Վրաստանի» ընթերցողներին:
Ըստ ներկայացված փաստաթղթի, 2022 թվականի համար, մունիցիպալիտետի բյուջեն
ծրագրված էր 7691600 լարի։ Տարվա ընթացքում վերոնշյալ գումարն ավելացավ, մասնավորապես՝ նորացված տարածաշրջանների հիմնադրամի կողմից մունիցիպալիտետին փոխանցվեց 1779770 լարի, տարածաշջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամից՝ 4323728 լարի, գյուղի աջակցության ծրագրով՝ 572 հազար լարի, բարձրալեռ տարածաշրջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամից՝ 400 հազար լարի, տարերային աղետների հետեւանքների վերացման միջոցառումների ապահովման համար՝ 405 հազար լարի։ Աշակերտներին տրանսպորտով ապահովելու եւ վթարային դպրոցների վերանորոգման համար հատկացվել էր 297100 լարի, հավելյալ արժեքահարկից՝ 173400 լարի, գույքահարկից՝ 950 հազար լարի։ Վերոնշյալի հաշվառմամբ, 2022 թվականի համար, Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի բյուջեն կազմեց 18428700 լարի։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ Է ԵՐԵՔ ՏԵՍԱԿԻ ՎԻՐՈՒՍ
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ՝ բժշկության բնագավառում հայտնվել է նոր տերմին՝ «տրիպլդեմիա», որը նշանակում է միաժամանակ երեք վարակի շրջանառություն: Դրանք են գրիպը, կորոնավիրուսը եւ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը:
Բոլոր երեք վիրուսների դեպքում՝ արձանագրվում Է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, կոկորդի ցավ, գլխացավ եւ թուլություն:
Սակայն կան նաեւ տարբերություններ, մասնավորապես, այժմ Վրաստա-
նում տարածված կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակին բարձր ջերմությունը հատուկ չէ, այն տատանվում է 37,5-ից մինչեւ 38 աստիճանի սահմաններում: Իսկ գրիպի դեպքում՝ ջերմությունը բարձրանում է 38-ից ավելի, առկա են թուլություն, գլխացավ եւ հազ: Գաբունիայի խոսքով՝ գրիպն ընթանում է անհամեմատ ավելի ծանր, քան՝ կորոնավիրուսը:
ԱԽԱԼՔԱԼԱՔԻՈՒՄ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ախալքալաքիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ապագայի տանը», կանանց նկատմամբ բռնության դեմ 16-օրյա քարոզարշավի շրջանակներում, անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ախալքալաքիում ապրող հաջողակ կանանց պարգեւատրմանը։
Մունիցիպալիտետի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար՝ պատվոգրեր եւ խորհրդանշական նվերներ են տրվել մասնագիտական գործունեության մեջ հաջողակ կանանց։
Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը եւ ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ։ Նշված միջոցառման կազմակերպիչն էր քաղաքապետարանի կրթության, մշակույթի, հուշարձանների պահպանության, սպորտի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման եւ գենդերային հավասարության վարչությունը։