«Transparency International-Վրաստան»-ը խորհրդարանին օրենսդրական առաջարկ է ներկայացրել ընդդիմության դերի ուժեղացման վերաբերյալ։
Կազմակերպության տարածած տեղեկատվության համաձայն՝ օրենսդրական առաջարկը ենթադրում է փոփոխություններ խորհրդարանի կանոնակարգում, որի նպատակն է վերաբաշխել իշխանությունը օրենսդիր մարմնում և ուժեղացնել ընդդիմության դերը։
«Օրենսդրական առաջարկի համաձայն՝ խորհրդարանի 5 հանձնաժողովների նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։ Պարտադիր երկու հանձնաժողովները, որոնք պետք է ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը՝ ֆինանսաբյուջետայինն ու մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովներն են: Մնացած երեք հանձնաժողովները, որոնք նույնպես պետք է գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, որոշվում են մեծամասնության և ընդդիմության համաձայնությամբ։
Օրենսդրական առաջարկը լիովին համապատասխանում է Եվրահանձնաժողովի կողմից Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հանձնարարականին, ըստ որի՝ քաղաքական բևեռացման հարցը պետք է լուծվի քաղաքական կուսակցությունների միջև համագործակցության միջոցով»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Տեղեկության մեջ ընդգծված է, որ ուժեղ խորհրդարանական ընդդիմությունը գործող ժողովրդավարության կարևոր բաղադրիչն է, և այն առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդարանական վերահսկողության լիարժեք իրականացման համար։