Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Զենքի մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց` քաղաքացիական զենքը տեսակների բաժանելու հիմնական չափանիշներից են լինելու զենքի փողի երկարությունն ու զենքի ընդհանուր երկարությունը։
Ըստ նախագծի՝ օրենքում ավելանալու են հետևյալ տերմինները.
- կարճափող զենքեր՝ հրազեն, գազային կամ օդամղիչ զենքեր, որոնց փողի երկարությունը չի գերազանցում 300 մմ-ը և/կամ զենքի ընդհանուր երկարությունը չի գերազանցում 600 մմ-ը,
- երկարափող զենքեր՝ հրազեն, գազային կամ օդամղիչ զենքեր, որոնք կարճափող զենքերի շարքից չեն։
Փոփոխության համաձայն՝ բոլոր կարճափող զենքերի ձեռքբերման թույլտվությունը տրվում է պահելու, իսկ երկարափող զենքի համար՝ պահելու և կրելու իրավունքով։
Օրենքի նախագծի համաձայն՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պահելու և կրելու իրավունքով գրանցված կարճափող հրազենը ենթակա է վերագրանցման 6 ամսվա ընթացքում՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ Նշված գործիքները պետք է գրանցված լինեն պահպանման իրավունքով։ Սույն պարտավորությունը խախտելու դեպքում կարճափող հրազենի (բացառությամբ ծառայողական զենքի) ձեռքբերման (պահման և կրելու իրավունքով) թույլտվությունը, գրանցումը և գրանցման արդյունքում տրված զենքի հաշվառման վկայականը համարվում են օրինական ուժ չունեցող։
Ըստ այդմ, պարտավորության չկատարումը հանգեցնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով անձին պատասխանատվության ենթարկելուն։ Վերոնշյալ պարտավորությունը կատարելուց հետո անձը ազատվում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի տուրքերի վճարումից, նաև` համապատասխան քննություն հանձնելուց։
Նախագծի համաձայն՝ զենքի գնման թույլտվությունը տրվում է կարճափող հրաձգային զենքի համար 5 տարի ժամկետով, երկարափող հրաձգային զենքի համար՝ 5 տարի ժամկետով, երկարափող հրազենի համար՝ 10 տարի ժամկետով։ Թույլտվության ժամկետը լրանալուց հետո անձը պարտավոր է նշված զենքը ներկայացնել սպասարկման գործակալություն՝ թույլտվությունը վերստանալու և գրանցելու նպատակով։
Այս ամենից զատ, զենք գնելու թույլտվությունը և մինչև սույն օրենքի կիրարկումը տրված գրանցման վկայականը պահպանում է իր օրինական ուժը որոշակի ժամկետով։