Վրաստանում գործող «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պարտավոր է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին համապատասխան բուժում ապահովել արտերկրում։
«Սիրցխվիլիա»-ն նշել է, որ երկար ժամանակ հետևում են Սաակաշվիլիի ազատազրկմանը և նրա առողջության կտրուկ վատթարացմանը։
Ըստ շարժման հայտարարության՝ երբ երկրի երրորդ նախագահի կյանքին վտանգ է սպառնում, բոլոր քաղաքական ինտրիգներն ու հակասությունները, որոնցով ամեն օր հագեցած են լրատվական դաշտն ու քաղաքական գործիչների հայտարարությունները, երկրորդական են։
«…Բանտում երրորդ նախագահի գլխին կախված մահվան սպառնալիքը բանտում վկայում է այն ծայրահեղ սրված քաղաքական թշնամանքի մասին, որին ականատես ենք եղել շուրջ 10 տարի ցանկացած քաղաքական ճամբարում ցանկացած քաղաքացու ակամա մեղսակից դարձնելով հնարավոր հանցագործություններին և անբարո սխալներին, որոնք արդեն իսկ իրական են այսօր:
Ցավոք, մեր ավագ սերունդը մեկ անգամ արդեն ականատես է եղել նման ողբերգության, երբ երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան զոհ գնաց մեր համաքաղաքացիների սխալ գործողությանը կամ անգործությանը։ Ժամանակի ընթացքում 90-ականներին քաղաքական ոլորտում գոյություն ունեցող ծայրահեղ հակասությունները անցյալում մնացին, սակայն երկրի առաջին նախագահի մահը մնաց մեր պատմության էջերի սև բիծը։ Մեր երկիրն ու ժողովուրդն արժանի չեն կրկնելու այս ողբերգական սխալները»,- նշված է հայտարարության մեջ:
«Սիրցխվիլիա»-ն իշխանություններին հիշեցրել է, որ Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրել է երկրի եվրաինտեգրման ճանապարհը՝ ավելի լավ, կայուն և ապահով ապագա ստեղծելու համար.
«Սակայն մենք քաջ գիտակցում ենք, որ երկրի եվրաինտեգրման գործընթացում մեր արևմտյան գործընկերները կարևոր դեր են հատկացնում Միխեիլ Սաակաշվիլիի հարցին, հետևաբար` աններելի հանցագործություն կլինի` մարդկային կյանքին զուգահեռ, զոհաբերել երկրի եվրոպական հեռանկարը՝ միմիայն քաղաքական կամ անձնական վրեժխնդրությամբ դրդված»:
Նրանց խոսքով, իշխանությունը պարտավոր է կատարել բարոյապես և պատմականորեն ճիշտ քայլ և Սաակաշվիլիին հնարավորություն տալ համապատասխան բուժում ստանալ արտերկրում։ Ըստ «Սիրցխվիլիա»-ի՝ դա իշխանության քաղաքական պատասխանատվության խնդիր է: