Մի քանի օր առաջ Վրաստանի, Ռումինիայի, Ադրբեջանի և Հունգարիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիը, որը նախատեսում է նոր էներգետիկ մալուխի կառուցում Սև ծովի հատակին, կամրապնդի Վրաստանի անվտանգությունը և ժողովրդավարությունը, նաև առավել կկայունացնի տնտեսության աճը, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում են վրացի վերլուծաբանները:
Տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն կարծում է, որ Վրաստանի առավելությունն այս նախագծում կարտահայտվի երկու ուղղությամբ:
«Սևծովյան մալուխը հաշվի է առնում ինտերնետի տարածական մալուխի անցկացումը, որն էլեկտրաէներգիայից պակաս կարևոր չէ։ Ուստի նման նախագծերին մասնակցելը միշտ բարելավում և ամրապնդում է ցանկացած երկրի, տվյալ դեպքում՝ Վրաստանի պետական անձեռնմխելիությունը»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա՝ երկրորդ առավելությունը Վրաստանի համար ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունն է, որը ոչ միայն թույլ է տալիս կրճատել էներգակիրների ներմուծումը, այլև` ավելի շատ հեղուկ ապրանքներ (էլեկտրաէներգիայի տեսքով) վաճառել աշխարհում մեկ ակնառու գնորդի՝ Եվրամիությանը.
«Այնպես որ, այս հնարավորությունը չպետք է բաց թողնենք և պետք է ավելի շատ էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներ կառուցենք՝ լինի ՀԷԿ, ՋԷԿ, թե վերականգնվող էներգիայի այլ աղբյուրներ»:
Նրա խոսքով, երբ երկիրն իրականացնում է մի նախագիծ, որը ներգրավում է նրան գլոբալ գործընթացներում, երբ երկիրն արտադրում է այնպիսի ապրանք, որն ունի երաշխավորված գնորդ, ապա նաև մուտքագրում է ամուր արժույթ:
«Բացի դրանից, ամրապնդվում է երկրի ներքին կայունությունը` արտադրական կայանների կառուցման շնորհիվ, որը նույնպես տնտեսության աճին է նպաստում. զբաղվածության խնդիր է լուծում, նոր գոհ ու երջանիկ քաղաքացիներ ենք ունենում, որոնց հնարավորություն է տրվում ունենալու մատչելի էլեկտրաէներգիա այս դժվարին ժամանակներում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցը եզրափակեց Իսակաձեն:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին նշեց.
«Սև ծովով ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը միացնում է Վրաստանի և Եվրոպայի էներգետիկ ցանցերը, ինչը մեծ նշանակություն ունի Վրաստանի և Կովկասի էներգետիկ անվտանգության և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության բարելավման տեսանկյունից»:
Քաղաքագետի խոսքով, էներգետիկ ենթակառուցվածքը Եվրամիության առանցքային շահերից է բխում` հատկապես Ռուսաստանից էժան էներգառեսուրսների արտահանման դադարեցման և Ուկրաինայի պատերազմի պայմաններում։
Մելաշվիլին ընդգծեց՝ որքան կովկասյան տարածաշրջանում մեծանան Եվրամիության և Արևմուտքի շահերը, այնքան լավ Վրաստանի անվտանգության համար։
Եվրամիություն-Վրաստան գործարար խորհրդի գլխավոր քարտուղար Զվիադ Ճումբուրիձեի կարծիքով, նշված նախագծով Վրաստանը դառնում է Եվրոպայի էլեկտրաէներգիայի մատակարարը, ինչը փաստացի նշանակում է, որ երկիրը քաղաքականապես Եվրամիության տարածքի մաս է կազմելու:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռումինիայում կայացած «Ռազմավարական գործընկերությունը կանաչ էներգիայի զարգացման և բաշխման գործում» քննարկման ժամանակ ասել է, թե Եվրոպան, միացնելով Վրաստանի, Ռումինիայի, Ադրբեջանի և Հունգարիայի էլեկտրահաղորդման գծերն ու համակարգերը, կկարողանա միանալ ոչ միայն Վրաստանին, այլև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ Սև ծովով ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը նոր հնարավորությունների պատուհան կբացի: Ըստ նրա՝ այդ նախագիծը Վրաստանին կտանի եվրոպական ուղղությամբ, Վրաստանը կդարձնի էլեկտրաէներգիայի հանգույց և կբարելավի ներքին էներգետիկ շուկան:
Ի դեպ, նախագծի գնահատված արժեքը 2,3 մլրդ եվրո է։ Դրանից բացի, Վրաստանը 20 մլն դոլարով կֆինանսավորի Սև ծովի հատակի ուսումնասիրությունը մալուխի կառուցման համար։
Հիշեցնենք. Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրել են Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ռումինիայում: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Փաստաթուղթը հիմնված է չորս երկրների շահերի վրա՝ կապված Սև ծովի ավազանում ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և կապի ամրապնդման, մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման, Կասպից ծովի տարածաշրջանում վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի կապիտալացման և վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման հետ:
Քառակողմ միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիա փոխադրելու համար Ռումինիայի և Ադրբեջանի միջև Վրաստանի և Սև ծովի տարածքով ստորջրյա մալուխային ծրագրի իրականացում։
Նշենք, որ Եվրամիությունը ծրագրում է Սև ծովում ռազմավարական ստորջրյա հաղորդման գիծ կառուցել, որը Վրաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանը կմիացնի Եվրամիությանը, այս դեպքում՝ Ռումինիային։ Հաղորդման գիծը կողմերը կօգտագործեն «Կանաչ էներգիան Եվրամիություն արտահանելու համար»:
Նման էլեկտրահաղորդման գծի ստեղծման մասին առաջին անգամ հայտնի դարձավ հոկտեմբերին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը ծրագրում է էներգիա արտահանել Եվրոպա և քննարկում է Վրաստանի տարածքն օգտագործելու հարցը։