Դեսպանության կողմից բոլոր միջոցառումները ձեռնարկվել են, մեր քաղաքացիների իրավունքները առավելապես պաշտպանելու նպատակով: Այս մասին «ինտերպրեսնյուս» լրատվականին փոխանցել է Ուկրաինայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխեիլ Ուկլեբան` անդրադառնալով Ուկրաինայում ձերբակալված փոխգնդապետ` Գիա Ցերցվաձեի գործին: Ինչպես նշել է դեսպանը, Ցերցվաձեի դատական նիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 26-ին,որին կմասնակցեն նաեւ դեսպանության ներկայացուցիչները: Դեսպանը վստահեցնում է, որ փոխգնդապետի ձերբակալման պահից` դեսպանությունն ակտիվորեն ներգրավված է գործում:
«Ուղարկվել են համապատասխան գրություններ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, հանդիպումներ ենք ունեցել տարբեր պատկան մարմինների հետ:Դատական նիստին կմասնակցեն Ուկրաինայում մեր հյուպատոս Նանա Չապրավան եւ Դոնեցկում մեր հյուպատոս Իրակլի Ադվաձեն: Դեսպանության կողմից արվել են բոլոր քայլերը մեր քաղաքացուն պաշտպանելու նպատակով»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք՝ փոխգնդապետ Գիա Ցերցվաձեի նկատմամբ ՌԴ-ն միջազգային հետախուզում էր հայտարարել անցյալ տարեվերջին, ինչի հիման վրա օրեր առաջ Ցերցվաձեն ձերբակալվել է Ուկրաինայում։ Թեմայի վերաբերյալ հայտարարություններ են տարածել Վրաստանի վարչապետը, Արդարադատության, Ներքին եւ Արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ Վրաստանի գլխավոր դատախազությունը: Այս հարցի առընչությամբ ընդդիմադիրները երկրի իշխանություններին դավաճանության մեջ են մեղադրել։