Վրաստանի ներքին գործերի նախարարությունում (ՆԳՆ) 3 նոր ուղղաթիռ գնելու պայմանագիր է կնքվել ֆրանսիական Airbus Helicopters ընկերության հետ, հայտնում է ՆԳՆ-ն։
Պայմանագիրը ստորագրել են սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն Վրաստանից, իսկ մատակարարող ընկերությունից՝ Airbus Helicopters ներկայացուցիչ Ռոմեն Լանան։
«Վրաստանի կառավարության հետ համաձայնեցնելով, ՆԳՆ կարողությունները ուժեղացնելու նպատակով սահմանային ոստիկանությունը կգնի H145 տիպի 3 ուղղաթիռ: Airbus-ի հետ մի քանի ամիս բանակցություններից հետո նախագծի ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 26 մլն 500 հազար եվրո:
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ տարիներ առաջ բարձրաստիճան պաշտոնյաների համար գնված Super Puma ուղղաթիռը վրացական կողմից կհանձնվի Airbus Helicopters-ին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ տվյալների՝ H145-ը բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է, որը կարող է իրականացնել ոստիկանական, տրանսպորտային, որոնողափրկարարական գործառույթներ։ Նոր ուղղաթիռները լիովին կահավորված կլինեն հրդեհաշիջման և լեռնափրկարարական տեխնիկայով։
«Դրանք ունեն 2 շարժիչ, ինչը բարձրացնում է թռիչքների անվտանգությունը։ Ուղղաթիռների այս տեսակն առանձնանում է մեծ բարձրության վրա գործելու և մանևրելու ունակությամբ, ինչը, հաշվի առնելով Վրաստանի լեռնային տեղանքը, լիովին համատեղելի կլինի առկա խնդիրների հետ։
H145-ը Airbus-ի վերջին մոդելներից է, որը հաջողությամբ օգտագործում են Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Կանադայի և այլ երկրների ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունները»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կնքված պայմանագրով առաջին ուղղաթիռը վրացական կողմին կհանձնվի պայմանագրի ստորագրումից հետո 17 ամսվա ընթացքում, իսկ երեք ավիացիոն սարքավորումները Վրաստանում կլինեն 20 ամսվա ընթացքում՝ թռիչքային լիարժեք վիճակում։ Նոր ուղղաթիռների գնման հետ մեկտեղ, պայմանագիրը ներառում է օդաչուների և ինժեներների վերապատրաստում, պահեստամասերի գնում և 3 տարվա գործարանային երաշխիք: