Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Բաթումիի գրասենյակի նախագահ Գիորգի Կիրթաձեն «Ֆորմուլա» հեռուստաընկերության ուղիղ եթերի ժամանակ հարձակման է ենթարկվել:
Ի դեպ, Գիորգի Կիրթաձեն Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր է։
Հարձակվողը ձու է նետել Կիրթաձեի վրա և ձեռքով հարվածել նրան, նաև կոպտորեն վիրավորել է լրագրողներին:
Միջադեպը տեղի է ունեցել Բաթումիում՝ Վախթանգ Գորգասլիի փողոցում՝ ռուսամետ «Ալտ-ինֆո»-ի գրասենյակի դիմաց։
Ըստ «Ֆորմուլա»-ի՝ հարձակվողին օգնել է մոտակա «Ալտ Ինֆո»-ի գրասենյակից դուրս եկած մեկ այլ տղամարդ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այս փուլում չի հայտնել` հետաքննություն սկսվե՞լ է, թե՝ ոչ: