Մի խումբ Վրաստանի քաղաքացիներ հավաքվել են Թբիլիսիի Սոլոլակի (ամենահին թաղամասերից մեկն է) թաղամասում գտնվող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ և աջակցություն են հայտնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին:
Սաակաշվիլիի հիմնադրած Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահի թեկնածու Գիորգի Մումլաձեն, որը բողոքի ակցիայի կազմակերպիչներից է, նշել է, որ դեկտեմբերի 22-ին նախատեսված Սաակաշվիլիի դատական նիստում դատարանը եթե երրորդ նախագահին կալանքի տակ թողնելու որոշում կայացնի, ապա ակցիաները մշտական բնույթ կկրեն:
Մումլաձեի խոսքով, դատարանի նման որոշումը Սաակաշվիլիի համար գործնականում մահապատիժ է նշանակում։
«Այս գործողությունները լինելու են մշտական և առաջին հերթին երևի Բիձինա Իվանիշվիլիի բնակելի տների ու Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ…
Այս երկու անձինք պատասխանատու են այն բանի համար, որ ռեժիմը սկզբից մինչև վերջ կանգնած է Բիձինա Իվանիշվիլիի կողքին, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին` իր սահմանադրական լիազորություններն օգտագործելով»,- ասել է Մումլաձեն:
Ցույցին ներկա բազմաթիվ քաղաքացիներ պաստառներ են պահել՝ կոչ անելով ազատ արձակել Սաակաշվիլիին. բիզնես կենտրոնի մոտ աչալուրջ հսկել է ոստիկանությունը։
Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ ցույցից առաջ՝ նույն օրը, ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է կայացել նաև Վրաստանի նախագահի նստավայրի մոտ։