«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:
ԹԵԱ ԾՈՒԼՈՒԿԻԱՆԻ. «ՎԻԹԽԱՐԻ ՔԱՅԼԵՐ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
Դեկտեմբերի 10-ին, «Մարդու իրավունքների պաշտպանության» միջազգային օրվա կապակցությամբ, Վրաստանի մշակույթի եւ սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարեց, որ Վրաստանը, թեպետ վերջին 10 տարում վիթխարի քայլեր է ձեռնարկել՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար, սակայն մարդու իրավունքների պաշտպանության չափանիշը երբեք բավարար չէ, եւ անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք։
— Մենք ունենք կազմակերպված քրեակատարողական ծառայություն,
որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ դատարան, որն ավելի անկախ, որակյալ, պրոֆեսիոնալ եւ անաչառ է, քան 10 տարի առաջ էր, այստեղ շարունակվում է բարեփոխումների եւ բարելավման գործընթացը։ Բարելավման գործընթացը շարունակվում է բազմաթիվ ուղղություններով, օրինակ, երբ ներդրվեց ընտրական իրավունքը եւ վերջնականապես հաստատվեց՝ «մեկ ընտրող, մեկ ձայն» սկզբունքը, դա վերաբերեց սեփականությանը, իրավունքին, ընտանեկան կյանքին, անձնական կյանքին եւ այլ: Շնորհավորում եմ բոլորին այս նվաճման եւ առաջընթացի համար՝ լինի դա Վրաստանի ներսում, թե երկրից դուրս, եւ ցանկանում եմ նորանոր հաջողություններ ու
առաջընթաց այս ճանապարհին, որը շատ կարեւոր է։
Մարդու իրավունքների պաշտպանության չափանիշը երբեք բավարար չէ. Մենք դեռ ավելի շատ անելիքներ ունենք, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ավելի լավ պաշտպանության ուղղությամբ, որոնց համար արդարադատության նախարարությունում մենք արդեն գերազանց օրենք ենք ընդունել։ Ստամբուլի կոնվենցիան վավերացվել է նրանց համար, սակայն գործնականում դեռ շատ մարտահրավերներ կան, — հայտարարեց Թեա Ծուլուկիանին։
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԴԱՎԹՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Անցած կիրակի Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում՝ հավարտ կիրակնօրյա Սուրբ պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը իր քարոզում, ի մասնավորի, հետեւյալն ասաց.
— Սիրելի հավատացյալ քույրեր ու եղբայրներ, այսօրվա Ավետարանում Քրիստոսը ասում է. «Երբ ճաշ պատրաստես, սեղան գցես, մի՚ հրավիրիր միայն քո հարուստ հարեւաններին, բարեկամներին, որպեսզի հետո էլ նրանք քեզ հրավիրեն, այլ հրավիրիր նրանց, ովքեր իրապես այդ ճաշի կարիքն ունեն:
Շուտով գալիս է Նոր տարին: Արդեն շատերդ սկսել եք պատրաստվել այդ օրվան: Սակայն շատ անգամ մոռանում եք, որ Նոր տարին ոչ միայն այդ ճաշատեսակների, խմիչքի համար
նախատեսված օր է կամ օրեր են, այլ Նոր տարին գալիս է մարդուն ասելու, թե ի՞նչ նոր բանով ես դու մտնում նոր տարի եւ ի՞նչ թողեցիր հին տարում: Նոր տարուց հետո գալիս է Սուրբ Ծնունդը: Դա պատահականորեն չի դրված այդպես: Սուրբ Ծնունդը սկիզբն է մեր հավատքի, եւ ամեն տարի Սուրբ Ծնունդը տոնելով՝ մեր հավատքի վերազարթոնքն ենք տոնում, նորն ենք տոնում, ոչ թե հինը՝ ինչ եղել է:
Ամեն Սուրբ Ծնունդով պետք է մեր մեջ մի նոր լավ, կրոնական իմաստով նոր բան ծնվի: Եվ Նոր տարին էլ նշվում է Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ, որպեսզի մենք սկսենք մտածել, թե ի՞նչ թողեցինք հնում եւ ի՞նչ ենք բերում, ի՞նչ ենք տանում դեպի նորը, ի՞նչ ենք անելու նորում: Նոր տարին, մեզ համար, նաեւ հոգեւոր նոր ձեռքբերման ժամանակ է: Նրա համար է, որպեսզի մենք կարողանանք վատը թողնել հնում եւ լավով գնալ դեպի նորը: