Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության (EEAS) միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) և Եվրամիության ճգնաժամային արձագանքման ուղղությամբ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզին, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրամիության և Վրաստանի միջև համագործակցության ընթացիկ հարցերն ու ապագա ծրագրերը։ Ջուանշեր Բուրճուլաձեն ընդգծել է Վրաստանի՝ եվրատլանտյան կառույցներում ինտեգրվելու ձգտումը՝ վստահեցնելով, որ պաշտոնական Թբիլիսին շարունակում է կատարել Եվրահանձնաժողովի հանձնարարականները՝ Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։
Հանդիպմանը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) գլխավոր քարտուղարի տեղակալն իր պատրաստակամությունն է հայտնել Վրաստանին ֆինանսական աջակցության երկարաժամկետ ծրագրի իրականացման առումով։ Կողմերը քննարկել են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության միջավայրի վատթարացումը, առկա սպառնալիքներն ու մարտահրավերները։
Հանդիպմանը կողմերն իրենց աջակցությունն են հայտնել նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։