Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, հայտնում է նախագահի վարչակազմը։
Ըստ տեղեկության՝ Զուրաբիշվիլին ողջունել է վարչապետի պաշտոնական այցը Վրաստան և հույս հայտնել, որ մոտ ժամանակներս կկայանա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Վրաստան։
Հանդիպմանն ընդգծվել է, որ աշխարհում և տարածաշրջանում ընթացող գործընթացների ֆոնին Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական, գործընկերային հարաբերություններն ավելի են կարևորվում։
Զուրաբիշվիլին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների նման դրական զարգացումն ավելի ամուր հիմք է ստեղծում գործընկերային համագործակցության խորացման համար։ Նրա խոսքով, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման վրա։
Ադրբեջանի վարչապետը ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Օրբելիանի պալատում կայացած հանդիպմանը քննարկվել է տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարը և համատեղ նախագծերի կարևորությունը։
Ադրբեջանի վարչապետը նշել է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կարևոր է առավելագույն ներուժը օգտագործել տրանսպորտի և էներգետիկայի ուղղությամբ։