Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Վրաստանի կառավարությանը ընդառաջել Սաակաշվիլիի՝ պատժաչափը հետաձգելու խնդրանքին, որպեսզի նա բուժվի Եվրոպայում կամ Ամերիկայում։
«Ուկրաինայի քաղաքացու ծանր վիճակի պատճառով մենք վրացական կողմին կոչ ենք անում նրան տրամադրել համապատասխան բուժօգնություն»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ը կոչ է անում նաև Վրաստանի իշխանություններին՝ Սաակաշվիլիին այցելելու իրավունք տալ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցին։
«Ուկրաինան կշարունակի պաշտպանել Վրաստանի տարածքում Ուկրաինայի քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը, մասնավորապես՝ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին պետք է ազատ արձակվի»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։