Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիան» արձագանքներ է պահանջում «Իմեդի» հեռուստաընկերությունից` իրենց օպերատորի պահվածքի վերաբերյալ:
«Դեկտեմբերի 14-ին ուղիղ եթերում աշխատելիս «Իմեդի» հեռուստաընկերության օպերատորին ձեռքով դիտողություն է արել «Մթավարի արխի»-ի լրագրող Նատաշկա Ջախուտաշվիլին: Ձայնագրության ավարտից հետո «Իմեդի»-ի օպերատորը «Մթավարի»-ի լրագրողի դիտողությանը հակադարձել է հայհոյանքներով: Ընդգծենք, որ կին լրագրողին վիրավորել է տղամարդ օպերատորը, հետևաբար կասկած կա՝ արդյո՞ք այս արարքը գենդերային հիմք է հետապնդել»,- նշված է խարտիայի հայտարարության մեջ։
«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի» խորհուրդը հայտարարել է, որ բռնությունն անընդունելի է, և օպերատորի արարքին պետք է հետևի «Իմեդի» հեռուստաընկերության համապատասխան արձագանքը։
«Այն դեպքում, երբ այլ լրատվամիջոցի ներկայացուցիչը խոչընդոտ է ստեղծում լրագրողական գործունեության ընթացքում, անդրադարձ պետք է լինի, սակայն` պահպանելով էթիկական նորմերը։ Բռնությունն արգելվում է»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ հեռուստաալիքի ղեկավարությունը դատապարտել է փաստը։
Ի դեպ, «Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իրակլի Չիխլաձեն ֆեյսբուքյան իր անձնական էջում գրել է. «Այն կադրերը, որոնք ես տեսա, զզվելի են ու կտրականապես անընդունելի ինձ համար։ Բռնության որևէ ձև արդարացում չունի…»: