Մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Սամցխե-Ջավախեթիի շրջան, տեղեկանում ենք նահանգապետարանի ֆեյսբուքյան էջից:
Այցի շրջանակներում Սմբատյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետարան, որտեղ դեսպանին դիմավորել է նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիին։
Հանդիպմանը քննարկվել է Սամցխե-Ջավախեթիի մարզի և Հայաստանի միջև դարավոր ու բարիդրացիական հարաբերությունների դինամիկան և դրա խորացման հեռանկարները։
Կարևորվել են Սամցխե-Ջավախեթիում իրականացվող և իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես Վրաստանը և Հայաստանը իրար կապող ճանապարհի վերականգնումը, որն ավարտվել է անցյալ տարի, ուշադրություն է դարձվել նաև Սամեբա գյուղի մաքսատանը, որի վերանորոգումն ավարտվել է այս տարի։ Նշվել է, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր մաքսատան առկայությունը զգալիորեն կնպաստի երկու հարևան երկրների միջև սերտ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը։
«Հանդիպմանը քննարկվել են նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերը, դրական է գնահատվել «1+4» կրթական ծրագրի կարևորությունը, որը տարածաշրջանում բնակվող հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս լիարժեք տիրապետել պետական լեզվին, ինտեգրվել և ակտիվորեն ներգրավվել երկրի կառուցման գործին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ամիրանաշվիլին շնորհավորել է Աշոտ Սմբատյանին նոր պաշտոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։
Նշենք նաև, որ հանդիպմանը մասնակցել են նահանգապետի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, պատգամավոր Շոթա Ռոստիաշվիլին, Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին, փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանը, սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն և պատգամավոր Համբարձում Բաբոյանը: