Վրաստանի նավթամթերք ներկրողների միության փոխանցմամբ, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է շարժիչային յուղերի և ավիացիոն նավթի ներմուծումը։
Ըստ տվյալների՝ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին քսանյութերի ներմուծումը կազմել է 19,61 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 2,49 հազար տոննայով կամ 14,5 տոկոսով։
Տվյալների համաձայն, ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում քսանյութերի ամենամեծ ծավալը ներկրվել է Թուրքիայից՝ 4,02 հազար տոննա, որը կազմում է ամբողջ ներմուծման 20,5 տոկոսը, Իրանից՝ 3,62 հազար տոննա՝ 18,5 տոկոս, Գերմանիայից՝ 2,09 հազար տոննա՝ 10,7 տոկոս, Ռուսաստանից՝ 2,01 հազար տոննա՝ 10,2 տոկոս և այլն:
«2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավիացիոն նավթի ներմուծումը կազմել է 116,1 հազար տոննա, ինչը 30,3 հազար տոննայով կամ 35,3 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այդ թվում, ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում ավիացիոն նավթի ներմուծման 53,6 տոկոսը կատարվել է Թուրքմենստանից, 24,7 տոկոսը՝ Հունաստանից, 15,3 տոկոսը՝ Թուրքիայից, 4,1 տոկոսը՝ Եգիպտոսից, 2,2 տոկոսը՝ Ադրբեջանից»,- նշված է Նավթամթերք ներմուծողների միության տարածած հաղորդագրության մեջ: