Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքի անդամները, նրա փաստաբանն ու Եվրախորհրդարանի պատգամավորները ճեպազրույց են անցկացրել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի շենքում։
Սաակաշվիլիի ավագ որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, հայտնել է, որ ընտանիքը վախենում է` Սաակաշվիլիի հետ «սարսափելի բան» պատահի, և դրանից խուսափելու համար, ըստ նրա՝ լուծումը Սաակաշվիլիի բուժումն արտերկրում շարունակելն է:
«Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան բանտում կամ կլինիկայում, զգում եմ, որ ավելի վատ է, ավելի հիվանդ է, և այն մարդը, որ եռանդուն էր, հավակնոտ ու խարիզմատիկ, կամաց-կամաց վերանում է։ Մենք՝ ընտանիքի անդամներս, շատ անհանգստացած ենք ու նյարդայնացած։
Մենք տեսնում ենք, որ նրա վիճակը օրեցօր վատանում է։ Արդեն 6 ամիս է, ինչ նա հիվանդանոցում է, բայց, կարծես, պատշաճ խնամք չի ստանում, այդ իսկ պատճառով նրա վիճակը շարունակ վատանում է։ Մենք շատ երախտապարտ ենք այն աջակցության համար, որ ցուցաբերվում է, բայց իրավիճակը շատ է լրջացել, և ինչ-որ բան պետք է փոխվի»,- ասել է Էդուարդ Սաակաշվիլին:
Ճեպազրույցը վարել է պահպանողականների և բարեփոխիչների խմբի լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգան։ Նրա խոսքով՝ ինքը Սաակաշվիլիի հետ հանդիպում է խնդրել բանտում, բայց խնդրանքը մերժվել է։ Ֆոտիգայի խոսքով՝ շատ կարևոր է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները հնարավորություն ունենան տեսնելու Վրաստանի նախկին նախագահին։
Սաակաշվիլիի փաստաբաններից Մասիմո Դի Անջելոն նույնպես խոսել է նախկին նախագահին արտերկիր տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլին շտապ օգնության կարիք ունի՝ գոյատևելու համար։