Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ՝ շատ մարդ է աշխատել այն ուղղությամբ, որ Ստրասբուրգում Վրաստանի կողմից ներկայացված դատավորների թեկնածուների ցուցակը Վրաստանին վերադարձվի:
«Սրտի մեծ ցավով եմ հետեւում նրան, որ ցուցակը Վրաստանին վերադարձնելու փաստն ուրախությամբ ընդունեցին «Միացյալ ազգային շարժման» անդամները: Նրանք միշտ աշխատում են միջազգային ասպարեզում Վրաստանի անհաջողությունների համար: Այս ցուցակին դեմ է ելույթ ունեցել նաեւ Վրաստանի օմբուցմենը, ով Ստրասբուրգում օրեր առաջ այլ երկրներին կոչ է արել, որ դեմ քվեարկեն ցուցակին: Մերժման մեջ մեծ դեր ունի նաեւ փաստաբանների ասոցացիայի ղեկավարը, ով հացադուլ սկսելու սպառնալիքով եվրոպացիներին հորդորել է չաջակցել Վրաստանին»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Ինչ վերաբերում է ապագայի ընթացակարգերին, Արդարադատության նախարարի խոսքով՝ նա դեռ չգիտի, թե ինչպես ծրագրել նոր մրցույթը: Ծուլուկիանին ասել է, որ նոր ցուցակը կստեղծվի տարվա ընթացքում:
«Մրցույթը մեկնարկելու համար կսպասենք Եվրախորհրդի պաշտոնական հայտարարությանը՝ կլինի դա մարտին, ապրիլին, սեպտեմբերին թե հոկտեմբերին»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: