Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հետ կապված վերջին հայտարարությանը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:
«Մենք գիտենք, որ Մոսկվան քննարկում է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հարցը։ Այդ կապակցությամբ հիշեցնում ենք, որ Վրաստանը չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար դեռևս 2011 թվականին, և այդ ռեժիմը դեռ պահպանվում է։ Այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացիներին վիզա պետք չէ Վրաստան գալու համար»,- ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը։
Ի դեպ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ-ի չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ТАСС-ին տված հարցազրույցում նշել էր, որ չի բացառվում չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը՝ հավելելով, որ «Թբիլիսին քաջատեղյակ է պայմաններին»։
«Մոսկվան կարող է վիզային ռեժիմի ազատականացման որոշում կայացնել, եթե ստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ: Պայմանները քաջ հայտնի են Թբիլիսիին, մենք չենք բացառում այդ ուղղությամբ որոշում կայացնելը»,- ասել է Գոնչարը:
Նշենք նաև, որ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 2000 թվականին: Մյուս կողմից, 2011 թվականի փետրվարին Վրաստանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար։