Ռուսական ТАСС գործակալության հետ զրույցում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ այս պահին Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում։
«Ինչ վերաբերում է ուղիղ չվերթների վերականգնմանը, ապա այս փուլում հարցն մեր օրակարգում չէ»,- ասել է Աբաշիձեն:
Հարկ է նշել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ-ի չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը օրեր առաջ ТАСС-ին տված հարցազրույցում նշել էր, որ չի բացառվում «անհրաժեշտ նախադրյալների ձևավորման դեպքում»՝ Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը:
Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված «Գավրիլովի գիշեր» անունով հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։