Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Վրաստանում նշվում է իրավապաշտպանների միջազգային օրը, որին Վրաստանն արդեն 5 տարի միանում է։ Չնայած դրան, «Սափարի» կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ Վրաստանում իրավապաշտպաններն իրենց անվտանգ չեն զգում։
Մասնավորապես, հարցված 81 իրավապաշտպաններից 57 տոկոսը իրավապաշտպանի գործունեությունը համարում է վտանգավոր, իսկ 43 տոկոսը՝ մասնակիորեն վտանգավոր։ Վրաստանում աշխատող իրավապաշտպանները, հատկապես գենդերային փոքրամասնությունը ներկայացնող անձինք ու ակտիվիստները, կին իրավապաշտպանները, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները համարում են, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում գործունեության ընթացքում։
Օրվա հետ կապված զեկույց է հրապարակել հանրային պաշտպանի գրասենյակը, որտեղ նշված է, որ իրավապաշտպանների գործունեությանը խոչընդոտող մի շարք խնդիրներ կան։
«Իրավապաշտպանների գործունեությանը խոչընդոտում են բարձրաստիճան պաշտոնյաների վարկաբեկող հայտարարությունները քաղաքացիական սեկտորի հասցեին, որոնց տարիներ շարունակ հանրային պաշտպանը արձագանքում էր հրապարակային հայտարարություններով և խորհրդարանական զեկույցներով», — նշված է հաղորդագրության մեջ։
Իրավապաշտպան և ակտիվիստ, Գիվի Մամուլաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Իրավապաշտպանի դերը շատ կարևոր և արժեքավոր է ժողովրդավար հասարակության համար, բայց Վրաստանի հասարակությունը դա կարծես չի նկատում․
«Իրավապաշտպանի դերը շատ կարևոր և արժեքավոր է ժողովրդավար հասարակության համար։ Նրանք այն մարդիկ են, որոնք մեր սոցիալական խնդիրները հասցնում են քաղաքական օրակարգ և օգտագործում են իրավաբանական և քաղաքական մոբիլիզացման միջոցներ մարդու իրավունքների պաշտպանության համար։
Սակայն այսօր Վրաստանում իրավապաշտպանի աշխատանքն այնքան գնահատված չէ, որքան զարգացած երկրներում, ուստի նրանց առջև բազում խնդիրներ են ծառացած»։
Իրավապաշտպանների համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ «Ալիք մեդիան» զրուցեց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող EMC (Social Justice Center) կազմակերպության ներկայացուցիչ Թամթա Միքելաձե հետ․
«Իրավապաշտպաններն իրենց խիզախությամբ փոխում են մեր իրականությունը։ Ըստ այդմ, հատկանշական է, որ նրանց գործունեությունը շատ բարդ է։ Ակնհայտ է, որ կառավարությունը «հակաՀասարակական կազմակերպություն» հայտարարություններ է անում, որոնք կարող են ՀԿ-ների հետ կապված ապատեղեկատվությունների տարածման հիմք դառնալ։ Եվ երկրորդ՝ թեկուզ տեղական մակարդակով, մարզերում զգալի է «կուսակցական» և անվտանգության ծառայության շատ խիստ հսկողությունը, որը լռեցնում է քաղաքացիներին»։
Նրա խոսքով, իրավապաշտպանների գործունեության վրա անդրադառնում է բնակչությանը հուզող յուրաքանչյուր խնդիր․
«Այն պայմաններում, երբ քաղաքական համակարգում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը շատ փոքր է, դրան գումարվում է նաև երկրում աղքատության բարձր մակարդակը, տնտեսական անհավասարությունը, որը քաղաքացիական ակտիվիստներին հնարավորություն չի տալիս ռեսուրսներ ներդնելու համայնքի զարգացման գործում։
Որպեսզի իրավապաշտպաններն ունենան ֆիզիկական և հոգեբանական անվտանգ միջավայր իրենց գործունեության համար, հատուկ ենթակառուցվածքներ` իրավաբանական, սոցիալական, թե ֆիզիկական, որ մարդիկ կարողանան մշակութային, սոցիալական և քաղաքական գործընթացներին մասնակցել»։
Թամթա Միքելաձեն հավելել է, որ այս ամենի համար անհրաժեշտ է նաև, որ պետությունը լինի բաց և թափանցիկ, ու երիտասարդները ցանկություն ունենան դրական փոփոխություններ կատարելու իրենց համայնքներում։
Նշենք, որ այս օրը սկսել են նշել 1948 թվականի դեկտեմբերի 10-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մարդու իրավունքների միջազգային հռչակագրի ընդունումից ի վեր։
2018 թվականից սկսած, Վրաստանում Հանրային պաշտպանի խորհրդարանական զեկույցի մի հատվածը նվիրված է իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին։ 2020 թվականին հանրային պաշտպանի գրասենյակը մշակել է աշխատանքային ձեռնարկ իրավապաշտպանների հիմնախնդիրների վերաբերյալ, որի նպատակը նպաստելն է իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությանը։