Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ավարտել է իր աշխատանքը: Իր 5-ամյա գործունեության հիմնական ձեռքբերումներից Լոմջարիան համարել է հանրային պաշտպանի գրասենյակի կարևոր դերակատարությունը երկրի զարգացման գործում և օմբուդսմենի գրասենյակն աննախադեպ ճանաչումը միջազգային հանրության շրջանում։
Ըստ օմբուդսմենի՝ այժմ Եվրամիության կառույցները մեծ ուշադրություն են դարձնելու, թե ում կընտրի Վրաստանի խորհրդարանը հանրային պաշտպանի պաշտոնում։
«Այսօր ավարտվեց հանրային պաշտպանի իմ 5-ամյա ժամկետը։ Կարծում եմ՝ շատ կարևոր պահ է երկրի համար։ Մեր երկրին բացառիկ հնարավորություն տրվեց դառնալու Եվրամիության անդամ, ստանալու թեկնածու երկրի կարգավիճակ։ Կարծում եմ, որ այսօր և առաջիկա ամիսներին երկրի համար կարևորագույն խնդիրն այն 12 կետերի կատարումն է, որը Եվրամիությունը պարտավորեցրել է երկրին…»,- ասել է Լոմջարիան։
Հիշեցնենք. Նինո Լոմջարիան հինգ տարի եղել է Վրաստանի հանրային պաշտպանը։ Խորհրդարանը նրան ընտրել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին՝ 96 կողմ, 5 դեմ ձայներով։ 19 մարդ խորհրդարանին առաջարկել է իր թեկնածությունը նոր հանրային պաշտպանի ընտրության համար։ Խորհրդարանում նրանց հանձնաժողովային լսումներն արդեն ավարտվել են։ Հանրային պաշտպանի թեկնածուի շուրջ համաձայնության գալու նպատակով խորհրդարանական կուսակցությունների միջև խորհրդակցությունները մինչ այժմ շարունակվում են։