Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության պայմաններում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից Իլիա Լոմիան՝ «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահին այցելելուց հետո, ասել է, որ Սաակաշվիլին ցանկանում է մասնակցել վաղվա դատավարությանը։
Լոմիան նշել է, որ քրեակատարողական ծառայությունը, հավանաբար, կապահովի, որ Սաակաշվիլին դատական նիստի վայր հասնի օժանդակ միջոցներով։
«Օժանդակ սարքերը ներառում են անվասայլակ, պատգարակ և ցանկացած այլ միջոց: Վաղը դատական նիստին կհրավիրենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կազմողներին, որ դատարանին բացատրեն, թե ինչ հետազոտություններ են կատարել, ինչի վրա են հիմնված այդ հետազոտությունների արդյունքները։
Նաև կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը, թե ինչ եզրակացության են հանգել, և ինչու է ընդհանրապես ներկայացված այդ եզրակացությունը…»,- ասել է փաստաբանը։
Ըստ նրա՝ վաղվա դատավարությանը պետք է որպես վկա հարցաքննվեին քաղաքական գործիչները, սակայն, ամենայն հավանականությամբ, պաշտպանական կողմը նրանց հարցաքննության հարցը կհանի օրակարգից։
Ի դեպ, Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին։
Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի խոսքով, կարևոր չէ, թե այժմ ընտանիքը ինչ է մտածում. հիմա դատարանը պետք է որոշի՝ ապրի՞ երրորդ նախագահը, թե` ոչ։
Հարցին, թե` կրո՞ւմ է արդյոք Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքի պատասխանատվությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է. «Մեր կյանքը տրված է Աստծուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարող պատասխանատվություն կրել որևէ մեկի կյանքի համար»:
Դեկտեմբերի 9-ին ՄԱՇ-ը հանրահավաք կանցկացնի ի պաշտպանություն Սաակաշվիլիի