Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ, ՊԱԾ հակաահաբեկչական կենտրոնը, հակաահաբեկչական գործունեության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Վրաստանի քաղաքացի Ցիսկարա Տոխոսաշվիլիին։
Ըստ ՊԱԾ-ի՝ հակաահաբեկչական կենտրոնը հետաքննում է Ցիսկարա Տոխոսաշվիլիին օտար երկրի ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործողություններին աջակցելու փաստով։ ՊԱԾ-ի տեղեկություններով՝ մեղադրանքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 10-ից 17 տարի ժամկետով։
ՊԱԾ-ը նշել է, որ Տոխոսաշվիլին 2015 թվականին լքել է Վրաստանը, մեկնել Մերձավոր Արևելք և միացել տարածաշրջանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։ Նա ակտիվորեն մասնակցել է ահաբեկչական գործողություններին և ընթացիկ մարտական գործողություններին, որոշ ժամանակ ղեկավարել է ահաբեկչական կազմակերպության ստորաբաժանումներից մեկը հակամարտության գոտում, մտերիմ հարաբերություններ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տարբեր ազդեցիկ առաջնորդների հետ։
«Նշենք, որ 2019 թվականին համատեղ գործողության արդյունքում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել էր Ցիսկարա Տոխոսաշվիլիի կրտսեր եղբայրը՝ Սեզար Տոխոսաշվիլին: Նա պատիժը կրում է Վրաստանում»,- նշված է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ՊԱԾ-ի՝ հակաահաբեկչական կենտրոնը Տոխոսաշվիլիի նկատմամբ հետաքնություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործունեությանն օժանդակելու փաստով: